Այսօր Համաշխարհային բանկն ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել է, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, ասված է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը, – ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, – 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելցման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»: