Բելառուսի խորհրդարանը երեկ՝ դեկտեմբերի 19-ին, վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը։
ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ավելի վաղ վավերացրել էին նաև Միության մյուս անդամները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պայմանագիրը վավերացվել է Բելառուսի խորհրդարանի ծայրեծայր ոտնահարումներով։ Եթե անգամ որևէ օրինագիծ համարվում է հրատապ, այն պետք է պարտադրաբար պալատի նիստում քննարկվելուց առնվազն 2 օր առաջ պատգամավորներին բաժանված լինի, մեկ օր առաջ էլ նկատառումները և առաջարկություններն ամփոփվեն գլխադասային հանձնաժողովում։ Կամ որևէ օրինագիծ չի կարող ներկայացվել պալատի նիստին առանց հանձնաժողովում քննարկման և եզրակացության։ Մինչդեռ Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը միանգամից ներկայացվել է նիստում և դրվել քվեարկության։
«Նույնկերպ էլ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո, դեռևս պալատի նիստը չավարտված, փաստաթուղթը վազեցրել են վերին պալատ, որպեսզի ընթացող Հանրապետության խորհրդի նիստում էլ հասցնեն քվեարկել», ֊ հայտնում է թերթը։
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Հայաստանը ԵՏՄ֊ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ ՀՀ Ազգային ժողովը պայմանագիրը վավերացրել է դեկտեմբերի 4-ին։