Ի՞նչ է նշանակում թանգարան, արխիվ, հավաքածու։ Այս հարցի շուրջ են աշխատել Վահրամ Աղասյանի համադրությամբ անցկացվող «Ապագան անցյալում» ցուցահանդեսի մասնակից 6 արվեստագետները՝ Աստղիկ Մելքոնյանը, Գագիկ Չարչյանը, Արման Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Էդգար Ամրոյանը, Գրիգոր Խաչատրյանը։
«Արդիական ժամանակաշրջանի հիմնական բնորոշիչներից մեկը եղել է թանգարաններին, պահոցներին և հավաքածուներին տրված աճող նշանակությունը, որպես որոշակի միջոցների, որոնցով պատմական գիտելիքն ու հիշողության ձևերը հավաքագրվում և պահպանվում են: Թանգարանները և արխիվները իրենցից, ասես, ներկայացնում են մի շտեմարան կամ փաստագրությունների ու առարկաների կանոնավոր համակարգ, որոնց վրա հիմնվելով գրվում է պատմությունը: Բայց պատմական այնպիսի իրադրություններում, երբ, Վարդան Ազատյանի ձևակերպմամբ՝ «ապագան անցյալում է», թանգարանների ու արխիվների այս կարգավիճակը էապես փոխվում է։ Ցուցահանդեսում ներկայացված գործերում արվեստագետները բացահայտում, խնդրականացնում ու վերաիմաստավորում են թանգարան և արխիվներ հասկացությունները: Ցուցահանդեսը հրահրում է մեզ հարցադրելու ժամանակակից փաստագրությունների բավարար լինելը՝ պատմությունը ներկայացնելու համար, երբ չկա ապացույց, ամբողջական պատմություն, այլ կան միայն մասնատումներ, անշարունակականություն և հիշողության կորուստ: Ի՞նչ փոխարաբերության մեջ են անձնական և հանրային տարածքները: Այնուհետև հարց է առաջանում, թե ինչպիսի՞ ժամանակային տարածք են զբաղեցնում թանգարանների նմուշներն (artefacts) ու արխիվների փաստաթղթերը, ինչպիսի՞ հարաբերության մեջ են դրանք անցյալի ու ներկայի հետ, ի՞նչ կերպ են դրանք կանխորոշում ապագան», ֊ գրում է Վահրամ Աղասյանը:
Նախագիծը նախաձեռնել է Գյոթեի անվան ինստիտուտը, Թբիլիսի «Ժամանակի մեքենա – Թանգարանը 21-րդ դարում» ծրագրի շրջանակներում։ Բացումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին ժամը 17-ին, Կալենց թանգարանում՝ Կալենցի փող., 18 շենք։