Մանուշյան 8 հասցեում միայնակ բնակվող Ալիտա Սարդարյանն իր սեփականության իրավունքի վերականգնումը թաղապետարանի, քաղաքապետարանի միջոցով չի կարողանում լուծել: Սարդարյանը Epress.am-ին պատմել է, որ արդեն մեկ ամիս է՝ ամեն օր գնում է թաղապետարան, իսկ երեկ, այդպես էլ հարցը չլուծելով, բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց:
Կինը պնդում է, որ հարևանը ապօրինի շինություն է կառուցել՝ փակելով իր տան լուսավորման հնարավորությունը և անհնար դարձնելով մուտքը տանիք: Ալիտա Սարդարյանի խոսքով՝ ստեղված իրավիճակում ինքը չի կարողանում տեղադրել ալեհավաքը և զրկված է հեռուստացույց նայելու հնարավորությունից: Կինն ասում է, որ հարցը ալեհավաքը չէ, այլ այն, որ ինքը հետևողականորեն պայքարելու է իր իրավունքի վերականգման համար։
Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնից Epress.am-ին հայտնել են, որ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է, սակայն, Սարդարյանի խոսքով, դա արվել է մասնակի։
Ալեհավաքը տեղադրելու պահանջով կինը դեռ մեկ ամիս առաջ դիմել էր Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանին: 5-6 անգամ թաղապետարանից նրա տուն մասնագետ է եկել, սակայն հարցը չի լուծվել տարբեր պատճառաբանություններով:
«Ես երեկ բողոքի ակցիայի ժամանակ վատացա, ոստիկանները դա տեսան, շտապ զանգեցին ասեցին՝ թաղապետը սպասում է, ձեզ այսօր կընդունի: Մի՞թե մարդ այս վիճակում պետք է հայտնվի, որ պաշտոնատար անձինք անեն այն, ինչի համար աշխատավարձ են ստանում: Ինչի՞ պետք է ամեն օր տրանսպորտի փող ծախսեմ, գնամ թաղապետարան»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է կինը:
Նախագահականի մոտ ակցիայի ժամանակ, Սարդարյանի խոսքով, իրեն սպառնացել է ոստիկանը՝ ասելով, որ վարչական պատասխանատվության կենթարկեն:
Կինը ոստիկանությունում դիմում է գրել և ալեհավաքի հարցը լուծելու, և ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պահանջով: Այսօր նրան պատասխանել են, որ ոստիկանությունը չի կարող զբաղվել ալեհավաքով, իսկ ոստիկանների գործով քննությունը կանցկացվի: