հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանները պատրաստ են աջակցել բախտագուշակ Վարսիկին

Իրավապաշտպանները պատրաստ են աջակցել բախտագուշակ Վարսիկին

Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը (լուսանկարում), ձերբակալվել է ծնողների տան գույքը վնասելու և նրանցից գումար շորթելու մեղադրանքով, հարուցվել է քրեական գործ:

Գավառում խոսակցություններ են շրջում, որ Սարգիս Հակոբյանը նաև ծեծել է ծնողներին։ Հակոբյանի դեմ, սակայն, ծեծելու մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ծնողներն այդ մասով բողոք չեն ներկայացրել։

Ինչպես Epress.am-ին հայտնել է Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան, Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստ են աջակցել նաև Վարսիկին, եթե վերջինս դիմի իրենց՝ որդու կողմից բռնության ենթարկված լինելու դեպքի առթիվ:

Սարգիս Հակոբյանը 2014 թվականի դեկտեմբերին համաներմամբ ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Կնոջը ծեծի ենթարկելու համար նրան 1.5 տարվա ազատազրկման էին դատապարտել։ 

Բախտագուշակ Վարսիկի որդին կալանքից խուսափել էր նաև դատավարության ընթացքում․ դատարանը մշտապես մերժել էր կնոջ անվտանգությունն ապահովելու համար նրա նկատմամբ կալանք կիրառելու տուժող կողմի միջնորդությունները: Ամբաստանյալը նույնիսկ դատավարության ընթացքում էր սպառացել նախկին կնոջը, որպեսզի նա բողոքից հետ կանգնի:

Դատավարության ընթացքում Սարգիս Հակոբյանի աջակիցները ագրեսիվ պահվածքով են աչքի ընկել, մասնավորապես, սպառնալիքներ հնչեցնելով Հասմիկ Խաչատրյանին պաշտպանող կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների հասցեին:

2014 թվականի մայիսին Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հարձակվել էր կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների վրա:

Հակոբյանին սատարողները բազմիցս հայհոյել և սպառնացել են «խայտառակ անել» նիստը լուսաբանող լրագրողներին, խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։