Հունվարի 8-ին և 9-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հունվարի 10-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Այսօրվանից Հայաստանում սպասվում է քամու ուժգնացում, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակաշրջանում նվազելու է 10-12 աստիճանով՝ որոշ շրջաններում ցերեկը հասնելով -10-ի, իսկ գիշերը՝ -15-ի։ Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը լինելու է -3, գիշերը -9։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում, Մեղրիում՝ քամի:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: