Home / Հայաստան / Ամերիկյան հեռուստաալիքով հայերին քոչվոր են անվանել. համայնքի անդամները հերքում են պահանջում

Ամերիկյան հեռուստաալիքով հայերին քոչվոր են անվանել. համայնքի անդամները հերքում են պահանջում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի «Վարդատոն» ամենամյա Ամանորին նվիրված փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև շրջանի հայկական համայնքը: Հայկական ծաղկասայլը պատրաստել էր Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունը, և դրա համար ծախսվել է երեք հարյուր հազար դոլար: Հայկական ծաղկասայլը շքերթին մասնակցել է «Քաղաքակրթության օրրան» խորագրով և դրանում ներկայացրել է հայկական խորհրդանիշներ, ինչպես օրինակ, նուռ, ծիրան, խաղող, գորգեր, հայոց այբուբենի տառեր:

Փառատոնին սայլի մասնակցությունը, սակայն, միանշանակ չի ընկալվել մի խումբ ամերիկահայերի կողմից․ նրանց դժգոհությունն է առաջացրել այն, որ փառատոնի մասին KTLA-TV հեռուստատեսության պատրաստած հաղորդման ժամանակ հաղորդավարը, հայկական ծաղկասայլը ներկայացնելով, ասել է, որ հայերը հայտնի են որպես քոչվոր ժողովուրդ:

Հաղորդավարը օգտագործել է Nomad (քոչվոր) բառը, որը, որոշ ամերիկահայերի կարծիքով, օգտագործվում է որպես «քաղաքակիրթ» բառի հականիշ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է բացվել, որը պահանջում է հեռուստատեսությանը հերքել հաղորդավարի արտահայտած միտքը և ներողություն խնդրել հեռուստադիտողներից թույլ տված սխալի համար:

Խմբի անդամները մամուլի ասուլիս էին կազմակերպել, որտեղ ներկայացվել է բառի պատմությունը. Nomad-ը (քոչվորը) դա այն մարդն է, ով չունի մշտական բնակություն, տեղից տեղ է գնում սնունդ գտնելու համար:

Խմբի անդամները գրում են, որ հայերն ունեն ավելի քան 2.500 տարվա պետականության պատմություն և ապրել են իրենց հայրենիքում դարեր շարունակ: Ավելին, նրանք ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը այժմ անկախ պետություններ են, իսկ ԱՄՆ֊ում բնակվող հայերի մեծ մասը Ցեղասպանության վերապրածների ժառանգներ են:

«Մեղմ ասած, վիրավորական է ներկայացնել տարահանումը, հայրենիքի կորուստը, և այս՝ մարդկության դեմ հանցանգործությունից խուսափածներին որպես «քոչվորություն»», – ասված է խմբի էջում:

էջի հիմանդիրներից մեկն է ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը: Նա Epress.am-ին ասել է, որ դեռևս չի հաջողվում պարզել՝ ում մեղքով է այդ բառն օգտագործվել ուղիղ եթերում, արդյոք հենց հայկական սայլը ներկայացնող Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունն է այդ տեքստը հանձնել հեռուստաընկերությանը, թե դա հաղորդավարի իմպրովիզն է եղել: Ամեն դեպքում, KTLA-TV-ից լրագրողին հայտնել են, որ իրենց տեքստերը պատրաստվել են յուրաքանչյուր մասնակից կազմակերպության հաղորդակցության համապատասխան: Ամերիկահայ Ծաղկասայլի Ընկերակցությունից լրագրողին պատասխան ստանալ չի հաջողվել:

Նշենք, որ հայկական ծաղկասայլը արժանացել է փառատոնի Նախագահական մրցանակին։

1parade