Home / Հայաստան / Քաղաքացիների բողոքը նախագահականի մոտ․ դատախազը խոստում տվեց

Քաղաքացիների բողոքը նախագահականի մոտ․ դատախազը խոստում տվեց

Այսօր ժամը 19։30-ի սահմններում մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ զորակցություն հայտնելով Գյումրիում հավաքված մարդկանց և պահանջելով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև սգո օր հայտարարել Հայաստանի տարածքում։

Հավաքվածները հանդիպում պահանջեցին ՀՀ նախագահի նստավայրի ներկայացուցչի հետ։ Մոտ 15 րոպե անց ոստիկաններն ակցիայի մասնակիցներից երկուսին ուղեկցել են նախագահական։ Այդ ընթացքում հավաքվածների մի մասն առաջարկել է ակցիա անել Ռուսաստանի դեսպանատան մոտ, մի քնաիսը առաջարկել են մեկնել Գյումրի, որտեղ այսօր մեծ ակցիա է անցկացվել։ Մինչ ակցիայի մասնակիցները քննարկումներ էին անցկացնում, նախագահականից դուրս եկած իրենց համախոհները ասել են, որ իրենք ներկայացրել են պահանջները և նախագահականից խոստացել են այդ դրանց պատասխանել վաղը առավոտյան։

1ert

Նշենք, որ այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայր է այցելել նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Panorama.am կայքի փոխանցմամբ՝ նախագահականից դուրս գալուց հետո Կոստանյանն ասել է, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»։

Համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, Գյումրիի սպանության խնդիրն այսօր քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը:

«Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները», ֊ ասված է ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: