Հունվարի 15-ին երեկոյան Երևանի Ազատության հրապարակում հավաքի մասնակից մի քանի տասնյակ անձինք են հեռացվել տարածքից։ Նրանց մի մասին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր չեն ներկայացել։
Մոտավորապես ժամը 21։30-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարան» (նախկինում` Նախախորհրդարան) նախաձեռնության անդամները ՀՀ դրոշներով հավաք են կազմակերպել հրապարակում:
Ինչպես Epress.am-ին պատմել են ականատեսները, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են հավաքվածների վրա, խլել են նրանց դրոշները, սկսել են տանել հավաքվածներին։ Դեպքի վայրում ներկաները նշում են, որ տեղի ունեցածը նման էր մարդկանց առևանգման։ Հետագայում դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ի հիշատակ Գյումրիի սպանության զոհերի կազմակերպված սգո արորողության ևս մոտ 2 տասնյակ մասնակիցների։
Բերման ենթարկվածներին ազատել են ոստիկանությունում մոտ 3 ժամ պահելուց հետո։ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ հավաքի մասնակիցներից 2֊ի մոտ ատրճանակ են հայտնաբերել։
Ոստիկանության համաձայն, «հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել»։
Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով, որ հավաքի մասնակիցներից երկուսը՝ Կարո Եղնուկյանը և Գագիկ Սարուխանյանը, օրենքով սահմանված կարգով ոստիկանության թույլտվությամբ կրել են գազային ատրճանակներ, որոնք մարտական զենք չեն համարվում և ունեն զուտ ինքնապաշտպական գործառույթ:
«Ընդ որում՝ նրանց բերման ենթարկելիս ոստիկանները, հաստատապես իմանալով, որ նրանք այդպիսի զենք ունեն, որևէ կերպ չեն փորձել նրանց մոտ եղած գազային ատրճանակները նախապես առգրավել: Նրանք Գագիկ Սարուխանյանի մասով այդ հանգամանքին անդրադարձել են պատահաբար՝ նրան բերման ենթարկելուց քաշքշելու ժամանակ, իսկ Կարո Եղնուկյանի մասով՝ միայն ոստիկանության բաժնում, երբ նա անձամբ մի քանի անգամ կրկնել է, որ իր մոտ գազային ատրճանակ կա, իսկ այնուհետև իր կամքով այն հանձնել է ոստիկաններին: Ինքնաբուխ հավաքի մյուս մասնակիցները որևէ զենք կամ զինամթերք չեն կրել», ֊ նշում են հայտարարության հեղինակները: