«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցել իրենց աշխատավարձի հարցի լուծմանը։ Բաց նամակի հեղինակները նշում են, որ աշխատավարձի 18 ամսվա պարտքի հարցը անլուծելի է հայտարարվել, սակայն այդ խնդիրը «բարի կամքի դեպքում հնարավոր է լուծել»:
Նամակում, մասնավորապես, ասված է․
«2015թ. փետրվարի 6-ին, համաձայն ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ կկորցնի իր աշխատանքը և կհամալրի մեր երկրի բազմահազարանոց գործազուրկների շարքը (400-500-ը կշարունակեն աշխատել):
Այն, որ տեխնիկական կանգառում գտնվող գործարանում 2200 աշխատակից պահելն ավելորդ «ճոխություն» է, իսկ կրճատումներն էլ ուշացած-անհրաժեշտ քայլ, ըմբռնումով է ընդունվել և՛ ընկերության ղեկավարության, և՛ աշխատակիցների կողմից:
Սակայն այն, որ բոլոր կրճատվողները, փետրվարի 6-ին չեն ստանալու իրեց աշխատավարձի պարտքը, ոչ միայն անակնկալ էր աշխատակազմի համար, այլև` ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում: Օրենսգրքի 130 հոդված 2-րդ կետը հստակ ամրագրում է` «Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները…»: Միջպետական բանկի կողմից «Նաիրիտի» կառավարման լիազորությունները 2011թ-ին ավարտվել են և կառավարման իրավունքը, փաստորեն, անցել է ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Հետևաբար, արդեն 4 տարի է Նաիրիտի աշխատակիցների գործատուն կառավարությունն է:
Ինչո՞ւ ենք մենք ժամանակից շուտ անհանգստացած… որովհետև արդեն կա նախադեպը: Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրահանգի` այս պահին աշխատող նաիրիտցիները երկու ամսվա աշխատավարձ ստացել են, իսկ աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներին ոչ մի լումա չի վճարվել (նույնիսկ Ամանորը անտեսվեց): Այն, որ փետրվարի 6-ից ազատված աշխատակիցներին ոչինչ չի վճարվելու, հանդիպումների ժամանակ բաց տեքստով ասել են թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Եվ նրանց այն պնդումը, թե աշխատավարձի պարտքն ինչ-որ անհայտ-անորոշ պահի կվճարվի, որևէ վստահություն չի ներշնչում. փետրվարի 6-ից մարդիկ հայտնվելու են անելանելի իրավիճակում` առանց փողի, առանց աշխատանքի, առանց հույսի` դատապարտված աղքատության…
Այնինչ, ՀՀ կառավարությունն, ի դեմս «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության, որի 100% սեփականատերն է, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին պարտք է 4 մլրդ 150 մլն դրամ դեռևս 2004թ-ից: Այս մասին վերաքննիչ դատարանի օրինական վճիռը ուժի մեջ է մտել 2009թ.: Բացի դա, «Նաիրիտ ԲԲԸ», որ նույնպես պետական ձեռնարկություն է, տարիներ ի վեր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պարտք է մոտ 900 մլն դրամ: Այսպիսով, ՀՀ կառավարությունը գործարանին, փաստորեն, տարիներ շարունակ պարտք է մոտ 5 մլրդ դրամ, որը կարելի էր ուղղել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը: Սակայն, ՀՀ կառավարությունն այս փաստը ոչ մի կերպ դիտարկել-քննարկել չի ցանկանում…
…Կարծում ենք, բոլորովին էական չէ, թե որ անհատն է այս կամ այն պահին ղեկավարում կառավարությունը. նա հանդիսանում է իր նախորդի իրավահաջորդը և նախորդ կառավարության ցանկացած խնդիր նաև իր խնդիրն է ու լուծում է պահանջում: Լուծում, որ չպետք է լինի մարդու իրավունքների և երկրում գործող օրենսդրության ոտնահարման հաշվին…
Հուսալքված, գործազրկության շեմին կանգնած նաիրիտցիները, երկրի գործադիր իշխանության հետ մի շարք անարդյունք հանդիպումներից հետո, այլ ելք չեն տեսնում, քան բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով, որոնցից մեկն էլ այս նամակն է, Ձեր և հանրության ուշադրությունը սույն «գորդյան հանգույցի» վրա բևեռելը և դրական լուծում ակնկալելը: Անհրաժեշտ «մեկ հարվածը» աշխատավարձի պարտքի մարումն է, ինչը նաիրտցիներին զերծ կպահի ծայրահեղ միջոցների դիմելուց»:
Լուսանկարում՝ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիաներից մեկը