Home / Հայաստան / Հայաստանը նահանջ է ապրել տնտեսական ազատության վարկանիշով․ մեղավորներից է նոր կառավարությունը

Հայաստանը նահանջ է ապրել տնտեսական ազատության վարկանիշով․ մեղավորներից է նոր կառավարությունը

Տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանը միջին ազատություն ունեցող երկրների շարքում է գտնվում՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։ Այս մասին վկայում է «Հերիտիջ ֆաունդեյշն» կազմակերպության «Տնտեսական ազատության ցուցիչ 2015» ամենամյա զեկույցը, որի համաձայն Հայաստանը նախորդ տարվա համեմատ կտրուկ նահանջ է ապրել՝ իջնելով 11 հորիզոնականով։

Զեկույցի հեղինակների համաձայն, հետընթացի հիմնական պատճառը 2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված կառավարության փոփոխությունն է։ Ըստ զեկույցի՝ Սարգսյանը հեռացրել է «մի քանի հայտնի բարեփոխողների», փոխարենը կառավարության կազմում ընդգրկելով մի շարք պաշտոնյաների, որոնք հարստացել են իշխանությունում ունեցած կապերի շնորհիվ։ Որպես օրինակ նշվում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը, ում մամուլը մեղադրում է կոռուպցիայի մեջ։

Ըստ զեկույցի հեղինակների՝ խնդիր է նաև դատական համակարգի կոռումպացվածությունը և ձեռներեցների պաշտպանվածության ցածր մակարդակը։

«Հերիտիջ Ֆաունդեյշնը» յուրաքանչյուր երկրի ցուցիչը հաշվարկում է 10 անվանակարգերում ստացած միավորների հանրագումարով։ Այսպես, Հայաստանը նահանջ է ապրել 6 ոլորտներում՝ սեփականության իրավունքի պաշտպանվածություն, գործարար ոլորտի ազատություն, առևտրի ազատություն, ֆիսկալ ազատություն, աշխատանքային ազատություն, արժութային ազատություն։

Ֆինանսական ազատություն անվանակարգում Հայաստանը նույն դիրքն է պահպանել, 3 անվանակարգում առաջընթաց է գրանցել՝ կառավարության ծախսեր, ներդրումային ազատություն և ազատությունը կոռուպցիայից։

Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը ընդգրկվել է հիմնականում ազատ երկրների շարքում՝ զբաղեցնելով 22-րդ տեղը։ Թուրքիան և Ադրբեջանը միջին ազատություն ունեցող երկրների շարքում են՝ զբաղեցնելով 70-րդ և 85-րդ տեղերը համապատասխանաբար։ Ռուսաստանը հիմնականում ոչ ազատ երկրների թվին է դասվում՝ զբաղեցնելով 143-րդ տեղը։