Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատը կանցկացվի Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորական կայազորային դատարանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Կայքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման որոշում է ընդունվել Հայաստանում տեղակայված բազայի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնության հիման վրա:
«Ինտերֆաքսի» մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը նաև համատեղ մեղադրական եզրակացություն են համաձայնեցնում՝ ՌԴ օրենսդրության հիման վրա, քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը քննում է միաժամանակ և ռուսական, և հայկական կողմը։
Նրա խոսքով՝ դատարանը քննելու է նաև ՌԴ ռազմական քննիչների կողմից առաջադրված մեղադրանքները զենքով դասալքության վերաբերյալ։
«Հայ քննիչների կողմից մշակված ամեն ինչ փոխանցվելու է ռուսական կողմին՝ գործի նյութերի հետ համադրելու համար», – նշել է աղբյուրը: