Home / Հայաստան / Հայկական գաղութային սինդրոմ․ պատմություն Վրաստանի մասին և ոչ միայն

Հայկական գաղութային սինդրոմ․ պատմություն Վրաստանի մասին և ոչ միայն

Գյումրիի պատմությունը զուտ հայկական է ու ներքաղաքական։ Ինչպես պայթյունը վրացական Կարապիլա գյուղի գերեզմանատանը, որի հետևանքով մահացավ Յուրի Վազագաշվիլին՝ զուտ վրացական պատմություն է։ Եվ հենց այդպիսով էլ միջազգային է և ուսանելի՝ բոլորի համար։ Այս մասին «Էխո Կավկազա» կայքում հրապարակված «Ասք գաղութային սինդրոմի մասին» հոդվածում գրում է ռուսաստանցի լրագրող Արկադի Դուբնովը։

֊ Գյումրիի վերաբերյալ կմոռացվեն ՌԴ ԱԳՆ աղերսանքներն այդ պատմությունը չքաղաքականացնելու մասին։ Կմոռացվեն կրեմլյան քաղաքագետների խիստ նախազգուշացումները հինգերորդ շարասյան ու Արևմուտքի մասին։ Կմոռացվի անգամ մեր եղբայրության մասին չափազանց հաճախակի հիշեցումներից առաջացած սրտնեղիչ զգացումը։ Հոգնում են ամեն ինչից, նույնիսկ նյութափոխանակության մեջ մտած առասպելներից։

Կմնա միայն սեփականն ու ներազգայինը։ Սեփական՝ հայաստանյան իշխանության մասին, որը խոնարհաբար խնդրում էր ու ոչ մի դեպքում չէր պահանջում՝ ռուսաստանցի գործընկերներն իրենց հանձնեն մարդասպանին։ Այն մասին, որ այդպես էլ սուգ չհայտարարեցին։ Մի խոսքով՝ Գյումրիի պատմությունը Ռուսաստանի մասին չէ։ Դա պատմություն է իշխանությունների ինքնահարգանքի մասին, որի դեֆիցիտը նկատվում է ոչ միայն Հայաստանում։

Ուստի, փոքր֊ինչ քամահրական ցավակցությունները, ինչպես հուղարկավորության ժամանակ անհաջողակի կնոջը ցուցաբերված մխիթարանքը, տեղին չեն։ Հատկապես Թբիլիսիում ու Բաքվում։ Ադրբեջանում ամեն ինչ պարզ է․ Պերմյակովի արարքի առջև խամրում է անգամ դարավոր թշնամանքը։ Թեև, իհարկե, տեղ֊տեղ դիրքորոշումը փոխվում է՝ թե հայերն իրենք են մեղավոր, թող ռուսներին էդպես չհաճոյանային, չնայած՝ առանց դրա պատերազմը չէին հաղթի, ու թեզը, այնուամենայնիվ, դառնում է քաղաքական։ Ու անգամ հպարտությամբ ես լցվում, որ ադրբեջանցիներն այդուհանդերձ վեր են անասնական թշնամանքից, ինչը ցանկանում են նաև հայերին։

Բայց Ադրբեջանում, այսպես թե այնպես, Գյումրիի գնահատականում առկա է որոշակի հեռացվածություն, որը Բաքուն կուտակել է տարիներ շարունակ։ Ու միտումը սկզբունքորեն չի փոխվում նույնիսկ այսօր, երբ Բաքուն կարծես կասկածներ է դրսևորում նախկին ներքաղաքական միանշանակության վերաբերյալ։ Վրաստանը նույնպես ինչ֊որ բաներ է կուտակել, բայց ոչ այդքան միանշանակ ու անվերադարձ։ Ու խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, քանի որ Գյումրին պատմություն է յուրայինների մասին։

Ինքնահարգանքը բավականին գործնական ու քաղաքագիտական երևույթ է։ Քանի որ հենց դրանով է չափվում տվյալ իշխանության պատասխանատվությունն ու այդ պատասխանատվությունը կրելու դրա պատրաստակամությունը։ Գյումրիի սպանության ու վրացական գերեզմանատան սպանության միջև տարբերությունն ակնհայտ է։ Բոլոր տեսանկյուններից։ Բացառությամբ մեկի, որից ելնելով՝ վրացիները հայերի նկատմամբ ինչ֊որ առավելություն են զգում։ Իզուր։

Ցանկացած իշխանություն երազում է անպատասխանատու լինելու մասին։ Հաջողվում է ոչ բոլորին։ Մեր լայնություններում ստացվում է։ Այդ հարցում ամենահարմարը պարզ ավտորիտարիզմն է։ Այնտեղ, որտեղ դրա գոյության վերաբերյալ կան խնդիրներ, բնակչության որոշ հարցերին ստիպված են պատասխանել։ Ինչ֊որ մեկն այդ պատասխանատվությունը պետք է կրի․ հարցն այն է՝ ում վրա դնել այն։

Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ բարեկամության մասին հեքիաթների անթոլոգիա է հայտարարել իր, կարելի է ասել, երկրորդ Սահմանադրությամբ՝ ըստ էության ճանաչվելով անպատասխանատու իշխանության տեսակ։ Հարմար է, առավել ևս, որ հասարակությունն այդ մոդելն ուրախությամբ ընդունեց։

Մե՞ծ է արդյոք տարբերությունն այդ մոդելի ու վրացականի միջև։ Նրբությունը մեկն է։ Հայաստանում պատասխանում է նա, ով հեռու է՝ երկու սահման այն կողմ, Վրաստանում՝ ավելի մոտ է, մայրաքաղաքի կենտրոնի վրա կախված սարսափելի ճապոնական ճարտարապետության տանը։ Ու նույնպես ոչ մեկին ոչինչ ոչ պաշտոնապես պարտավոր չէ։ Ու այս դասավորությունը նույնպես մինչ օրս դուր է գալիս մեծամասնությանը, որը վստահ է՝ իրենց մոտ Գյումրի չի կարող կրկնվել։

Ընդ որում, բոլոր սկանդալները, լինի դա Վազագաշվիլիի սպանություն, թե կլանային վեճեր, Վրաստանի ներկայիս իշխանությունը միայն գրանցում է։ Լինելով նույնպիսի գրասենյակ, որպիսին ուզում էր երևալ Հայաստանի իշխանությունը Պերմյակովի գործում։ Գրասենյակը չունի առաքելություն, գաղափար, թեկուզ՝ անիրականանալի, որի համար արժի պայքարել՝ ելք Եվրոպա, Աբխազիայի վերադարձ կամ Հայաստանի ազատում Ռուսաստանի հետ եղբայրական միությունից։ Այն անգամ իրական թշնամիներ չունի՝ ոչ արտասահմանում, ոչ՝ ներսում։ Ինչ էլ լինի, այն սպասում է հրահանգների վերևներից, որտեղ կայացվում են երկրի համար կարևորագույն որոշումները՝ կադրայինները։ Չէ՞ որ Երևանում նույնպես ոչ ոք չի ցանկանա կադրային որոշումների կայացման նախօրեին մնալ առանց Մոսկվայի աջակցության։

Իհարկե, Գյումրիում տեղի ունեցածի բառացի կրկնության հնավարությունը Վրաստանում զրոյական է։ Վրաստանում ռուսաստանյան անսանձությունների օջախներ այլևս չկան, բայց հարցն ուսադիրներին չի վերաբերում։ Կյանքն ամեն տեղ լի է ամենամռայլ անակնկալներով։ Հարցն այն է, թե ինչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ դրանք պատահում են։ Գաղութային սինդրոմը բացատրություն չէ Գյումրիում տեղի ունեցածին։ Որքան էլ, հասկանալի պատճառներով, չցանկանան այդպես մտածել Բաքվում կամ Թբիլիսիում։