Թե ինչու Ռուսաստանը թույլ տվեց, որ քրեական միջադեպը վտանգի տակ դնի հարաբերությունները հետխորհդային տարածքում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի հետ, հատուկ «Deutsche Welle» կայքի համար գրում է անկախ լրագրող, ՌԴ ընդդիմության համակարգող խորհրդի նախկին անդամ Օլեգ Կաշինը։
– Երբ հունվարի 18֊ին՝ Գյումրիում սպանությունից 6 օր անց, Վլադիմիր Պուտինը զանգահարեց իր հայաստանցի գործընկեր Սերժ Սարգսյանին, Կրեմլի մամուլի ծառայությունը, հետո նաև ՌԴ բոլոր պետական ԶԼՄ֊ները, ընդգծեցին․ «Պուտինը կրկին իր ցավակցությունը հայտնեց»։ «Կրկին»․ Կրեմլի հայտարարության մեջ սա, հավանաբար, ամենակարևոր բառն էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջին ցավակցության մասին, եթե այն ընդհանրապես եղել է, որևէ հետք չկա ոչ Կրեմլի կայքում, ոչ՝ տեղեկատվական գործակալությունների արխիվներում։ Հնարավոր է՝ Պուտինը ցանկացել է անմիջապես ցավակցել, բայց ինչ֊որ բան խանգարել է, շեղել ուշադրությունը։ Ամեն դեպքում, այդ «կրկինը» Հայաստանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ Կրեմլի առաջին հրապարակային հայտարարությունն էր։
Բաստիրկինն ու Ռոդնինան հրշեջների դերում
Վեց օր մինչև առաջին արձագանքը․․․ դա շատ երկար է, անթույլատրելի երկար։ Այդ վեց օրերի ընթացքում Հայաստանի հասարակությունը հասցրել էր մահու չափ վիրավորվել Ռուսաստանից։ Փողոցներում, այդ թվում՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև, մոլեգնում էին բողոքի ցույցերը։ Տեղի էին ունենում բախումներ ցուցարարների ու ոստիկանների միջև, «շտապ օգնությունը» տանում էր տուժածներին։ Հնչում էին ռուսական 102֊րդ ռազմաբազան, որտեղ ծառայում էր տեղական ընտանիքի գնդակահարության մեջ մեղադրվող շարքային Վալերի Պերմյակովը, Հայաստանից անմիջապես դուրս բերելու պահանջներ։
Գնդակահարված ընտանիքն ու Ռուսաստանի անպատշաճ արձագանքը, որը հրաժարվել է արտահանձնել մարդասպանին, հանգեցրեցին հայ֊ռուսական հարաբերություններում հետխորհդային շրջանում գրանցված ամենասուր ճգնաժամին, չնայած՝ մինչ այդ երկու երկրների դաշնակցային հարաբերություններին ոչինչ չէր սպառնում․ Ռուսաստանի ռազմական ներկայությունն արդեն շատ տարիներ Հայաստանին ապահովագրում է Ադրբեջանի հետ պատերազմից։ Ու անգամ այդ պարագայում Հայաստանի հասարակությունը պատրաստ գտնվեց վիճել Ռուսաստանի հետ։ Եթե դաշնակիցը փրկում է մարդասպանին (իսկ Պերմյակովին չարտահանձնելը հայերից շատերի համար հենց դա էր նշանակում), ապա ո՞ւմ է պետք նման դաշնակիցը։
Այժմ, երբ իրավիճակը Հայաստանում ինչ֊որ չափով հանդարտվել է, կարելի է փաստել, որ Ռուսաստանը հետևություններ արել է։ Վլադիմիր Պուտինի ուշացած ցավակցություններից հետո՝ առաջացած ճգնաժամի կարգավորմանը միացավ Մոսկվայից հրշեջների մի ամբողջ թիմ։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինն իր հայաստանցի գործընկեր Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվեց համատեղ քննչական խմբի ստեղծման մասին ու խոստացավ Պերմյակովի նկատմամբ արդար դատավարություն իրականացնել Հայաստանում։ Գյումրեցի ընտանիքի սպանության կապակցությամբ ցավակցություն հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ֊ն։ Զոհվածների հիշատակը հարգելու նպատակով Գյումրի ժամանեց Պետդումայի բազմամարդ պատվիրակություն, այդ թվում՝ Իրինա Ռոդնինան․ հայտնի օլիմպիական չեմպիոնն իր բոլոր մեդալները նվաճել է դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում, ու նա հայ ժողովրդի համար նույնչափ հերոսուհի է, որքան՝ ռուսների։
Հայկական ուղղությամբ ակտիվությունը հասավ իր նպատակին՝ ՌԴ հյուպատոսարանի առջև ոչ ոք այլևս չի կռվում, Հայաստանն սպասում է Պերմյակովի դատին։
Կրեմլի քայքայված օրգանը
Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ տվեց՝ թեև հրեշավոր, բայց, միևնույն է, քաղաքականության հետ կապ չունեցող քրեական միջադեպը վտանգի տակ դնի հարաբերությունները հետխորհդային տարածքում իր գլխավոր դաշնակցի հետ։ Ի՞նչը խանգարեց Գյումրիում սպանությանն արձագանքել ոչ թե մի շաբաթ անց, այլ՝ մի քանի ժամ։ Նախագահի հեռախոսազանգը, Բաստիրկինի այցը, պաշտոնական ցավակցությունը, խորհրդարանական պատվիրակությունը․․․ Եթե այս բոլորն անմիջապես հետևին զինվորի ձերբակալությանը, ապա ճգնաժամից հնարավոր կլիներ խուսափել։ Բայց, ինչպես երևում է, Մոսկվայում այդ մասին որևէ մեկը չէր մտածել։ Կրեմլի օրգանիզմում վաղուց արդեն քայքայվել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար պատասխանատու օրգանը։
Դժվար թե սա հանգստացնի հայ հասարակությանը, բայց Վլադիմիր Պուտինն իր նախագահության առաջին ամիսներին իրեն գրեթե նույն կերպ էր պահում։ Երբ 2000 թվականի ամռանը Բարենցի ծովում խորտակվում էր «Կուրսկ» սուզանավը, նա հետևում էր դրա մահին՝ Սոչիում իր հանգիստը չընդհատելով։ Դրա համար նա արժանացավ այն ժամանակվա մամուլի, ընդդիմության ու անգամ ազգային հեռուստատեսության՝ Առաջին ալիքի խիստ քննադատությանը։ Արդյունքում՝ Պուտինը ստիպված եղավ մեկնել հյուսիս՝ նավաստիների ընտանիքների մոտ՝ վերականգնելու իմիջին հասցված վնասը, այսինքն, իրեն պահել այնպես, ինչպես այժմ՝ Հայաստանի դեպքում։
Չի կարելի ասել, որ 15 տարիների ընթացքում Պուտինը որևէ հետևություն չի արել, արել է։ Այսօր ոչ հայտնի թերթերը, ոչ, առավել ևս, հեռուստատեսությունն ու անգամ ձևական ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները նրան չեն ասի, որ իրեն սխալ է պահում․ թե՛ ԶԼՄ֊ները, թե՛ համակարգային ընդդիմությունն այժմ գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ։ Վերջին խոշոր ահաբեկչական հարձակումները, որոնցից հետո նախագահը դիմել է ժողովրդին, Մոսկվայում ու Բեսլանում մարդկանց պատանդ վերցնելն էր՝ ավելի քան տասը տարի առաջ։ Դրանից ի վեր՝ պետության արձագանքը ահաբեկչությանը հասցվել է ավտոմատացման․ եթե զոհերի թիվը 100֊ից ավել է՝ ազգային սուգ, եթե պակաս՝ շրջանային։
Վլադիմիր Պուտինը չի սիրում ասոցացվել տհաճ նորությունների հետ, ու, կարելի է ասել, վերջին տարիներին նրա՝ արտակարգ իրավիճակին մարդկային արագ արձագանքի միակ դեպքը Մոսկվայում 2010 թվականին սպանված ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի գերեզմանին այցելությունն էր։ Ճիշտ է, որպեսզի նախագահը հետաքրքրություն ցուցաբերեր աղմկահարույց սպանության նկատմամբ, Սվիրիդովի կողմնակիցներն ստիպված էին անկարգություններ կազմակերպել Կրեմլի պատերի մոտ՝ Մանեժյան հրապարակում։
Հայերը չպետք է նեղանային Վլադիմիր Պուտինից։ Նա դա դիտմամբ չի արել, պարզապես արդեն սովոր է իրեն նման կերպ պահել Ռուսաստանում, ու այն, որ Հայաստանի հանդեպ նույն վերաբերմունքն է դրսևորել, կարելի է ասել, հաճոյախոսություն է։ Նշանակում է՝ նա Հայաստանին իսկապես որպես դաշնակից է ընդունում, այլ ոչ՝ թշնամի, այլապես, ցավակցություն կհայտներ շատ ավելի արագ։