Մի շարք քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ դատապարտել են շաբաթ օրը ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ձեռներեցների հանրահավաքների մասնակից Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բնռւթյունը։
Մասնավորապես, ԲՀԿ քաղաքական խորհուրդը տեղի ունեցածը գնահատում է որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր:
«Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար:
Անհապաղ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա: Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը», ֊ մասնավորաբար, ասված է ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության մեջ:
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը Արտակ Խաչատրյանի առևանգումը և նրա դեմ կիրառված դաժան բռնությունը պատահականություն չի համարում՝ ընդգծելով, որ դա իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ սանձազերծած ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակն է։
«Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը», ֊ նշված է ՀԱԿ֊ի տարածած հայտարարության մեջ։
Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը խստորեն դատապարտում է նաև «Ազատ դեմոկրտաներ» կուսակցությունը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները:
«Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և դառնում դրանց կրկնության պատճառ», ֊ ընդգծում է հայտարարության հեղինակները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշում է, որ եթե գործող իշխանությունները շուտափույթ և համոզիչ կերպով չեն բացահայտում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած հրեշավոր հարձակումը, Վիլեն Գաբրիելյանի (Նավակը Ճոճող) դեմ նույնատիպ հարձակումը, բռնության մյուս դեպքերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պնդել, որ դրանք կազմակերպել և իրականացրել են այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են նման դեպքերը կանխելու և բացահայտելու համար:
«Եթե այս դեպքերին ու դրանց չբացահայտմանը չեն հետևում իրավակարգի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պնդել, որ բռնությունները կազմակերպվում են անձամբ Սերժ Սարգսյանի թույտվությամբ, թողտվությամբ, երբեմն էլ՝ ուղիղ, հասցեական հրահանգով», ֊ ընդգծում է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ինքնաձիգով զինված դիմակավորված անձինք առևանգել էին Խաչատրյանին, տարել անհայտ ուղղությամբ և մի քանի ժամ ծեծի ենթարկել։ Խաչատրյանին ծեծից հետո թողել են Նոր Նորքի 8-րդ զանգվածում։ Այժմ նա գտնվում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, ունի բազմաթիվ սալջարդեր, քթի կոտրվածք։
Առևանգման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Լուսանկարը՝ ilur.am