ԲՀԿ քաղխորհրդի անդամ, փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաների մասնակից Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելը ձեռներեցները համարում են իրենց շարժման բոլոր մասնակիցներին վախեցնելու անհաջող փորձ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ֊ի նախագահ Գագիկ Դանիելյանն ասել է, որ իրենք պատրաստ են սեփական ուժերով պատժել մեղավորներին, եթե կարողնան բացահայտել՝ ով է հարձակվել Խաչատրյանի վրա:
«Արտակով ուզում են մեզ վախեցնել, բայց էս երկրում մարդկանց 90 տոկոսը զբաղվում է առևտրով։ Եթե կարծում են, որ կարող են բոլորիս վախեցնեն ծեծելով, ուրեմն մալադեց: Մեզ վախեցնել չեն կարող, քանի որ մենք ենք էս երկրի տերը», – ասել է Դանիելյանը:
«Փոքր ձեռներեցությամբ զվաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում ենթադրություններ անել՝ թե ով է հարձրակվել:
«Այդ հարցին պատասխանելու համար կան իրավապահ մարմիններ: Այդ իրավապահ մարմինները մեր հարկերի հաշվին են աշխատավարձ ստանում, թող բացահայտեն»,- ասել է նա:
«Ոսկերիչների միության» նախագահ Արմեն Բաբայանն էլ ասել է, բռնություն կիրառելու այս դեպքը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ձեռնարկատերերի անվստահության մթնոլորտ է ստեղծում:
Նա նկատել է նաև, որ անվստահություն տարածելու համար էլ տարածվում էր լուրեր, որ ոսկերիչները, հագուստի վաճառքով զբաղվողները, այլ ոլորտների ներկայացուցիչներն առանձին-առանձին պետք է քննարկեն օրենքը կառավարության հետ:
«Ես ուզում եմ նշել, որ քանի որ մենք միասնական ենք, այդ լուրերով մեզ չհաջողվեց բաժանել: Կառավարությանն ուզում եմ ասել, որ այս բռնության դեպքը ավելի է նպաստում անվստահության մթնոլորտ ստեղծելուն», – ասել է Բաբայանը: