«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ««Ռոսնեֆտ»-ի մենաշնորհն ու բենզինի 20 տոկոսով թանկ գինը» հոդվածում անդրադառնում է Հայաստանում բենզինի և դիզվառելիքի վաճառքի խնդրին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի գինն այժմ 440 դրամ է (մեկ լիտր «ռեգուլար» ԱԻ-93 վառելիքի դիմաց): Այն վարորդները, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, համարյա նույնն էր, ինչ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի օրում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ 375 դրամ):
Նախապատմությունը
Զարմանալի չէ, որ տարիներ շարունակ երկու երկրներում բենզինի գինը նույնն էր… Երկու երկրներն էլ մինչև վերջերս ունեին բավականին նման հարկային ու մաքսային կարգավորումներ (բենզինի ու դիզ. վառելիքի հարցում) և երկուսն էլ բենզին չեն արտադրում ու ներմուծում են այլ երկրներից… Թե Հայաստան, և թե Վրաստան եկած բենզինը գալիս էր մրցակցային պայմաններով ձևավորվող տարածաշրջանային գներով:
Վրաստան բենզինը մտնում է Ռումինիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից: Իսկ Հայաստան, մինչև 2014 թվականը այն գալիս էր Ռումինիայից ու Բուլղարիայից… Սակայն, 2013 թվականին դեկտեմբերի 2-ին, ՀՀ և ՌԴ նախագահների պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ից դեպի մեր երկիր պատրաստի նաֆթամթերքի արտահանման մաքսատուրքը հանվեց և Հայաստան մուտք գործեց ռուսական «Ռոսնեֆտ» պետական կորպորացիան, որի ներմուծած բենզինը շուրջ 2 տոկոսով (10 դրամով) ավելի էժան էր:
Մենաշնորհի պտուղները
Դրա դիմաց «Ռոսնեֆտ»-ը ստացավ բենզին և դիզվառելիք Հայաստան ներմուծելու մենաշնորհ, և եթե նախկինում բենզինի վաճառքով զբաղվողները իրենք էին բենզինը ներմուծում, ապա այժմ դա անում է ռուսական այս պետկորպորացիան` միայնակ: Ու, ինչպես ասացինք, սկզբնական շրջանում դա դրսևորվեց փոքրիկ գնանկմամբ:
Այժմ նաֆթի միջազգային գները գրեթե կրկնակի անկում են ապրել և իրենց հետևից գցել են նաև բենզինի ու պատրաստի այլ նաֆթամթերքի գները: Բնականաբար, բենզինի գինն էական անկում է ապրել նաև Վրաստանում, մի քանի ամսում 1,15$-ից հասնելով 0,78$-ի (հաշվարկենք դոլարով, որ անտեսենք ազգային արժույթների տատանումները): Հայաստանում բենզինի գինը նույնպես անկում է ապրել, բայց 1,15$-ից հասել է միայն 0,92$-ի:
Նույն ռուսական բենզինն է
Այստեղ բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Հայաստանում այժմ բենզինը մոտ 70 դրամով ավելի թանկ, քան հարևան Վրաստանում: Անգամ ավելին. Վրաստանում վաճառվող «Լուկօյլ» ընկերության ռուսական արտադրության բենզինը, որը ՌԴ-ից արտահանվելուց մաքսատուրքերի տակ է ընկնում, արժե 1,59 լարի (373 դրամ), իսկ Հայաստանում վաճառվող ու մաքսազերծման տակ չընկնող նույն ՌԴ-ում արտադրված և նույն օկտանային թվով (ԱԻ-93 «ռեգուլար») բենզինը մոտ 20 տոկոսով թանկ է (440 դրամ): Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ առկա է մենաշնորհային դիրքի չարաշահում:
Դժվար է ասել, թե ինչու՞ Հայստանում բենզինի վաճառքով զբաղվողները չեն վերսկսում ռումինական բենզինի ներմուծումը: Անգամ հունվարի 1-ից գործող ԵՏՄ մաքսատուրքերը վճարելուց հետո այն, միևնույնն է, մոտ 13 տոկոսով ավելի էժան կլինի: Ողջամիտ տրամաբանությունը վկայում է, որ այս մենաշնորհի պատճառը տնտեսական չէ»: