Home / Հայաստան / ՀՀ դատախազությունը ՌԴ֊ից Պերմյակովի հարցով դեռ պատասխան չի ստացել․ «ՀԺ»

ՀՀ դատախազությունը ՌԴ֊ից Պերմյակովի հարցով դեռ պատասխան չի ստացել․ «ՀԺ»

«ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Վալերի Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին ուղարկած նամակը, դեռ անպատասխան է մնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել: Թերթի տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն:

«Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից», – գրում է թերթը։

Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։