Home / Հայաստան / Եկեղեցու հետևորդ լրագրողները կարող են հարցում անել Էջմիածնի հաշվեհամարների մասին․ խոսնակ

Եկեղեցու հետևորդ լրագրողները կարող են հարցում անել Էջմիածնի հաշվեհամարների մասին․ խոսնակ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ֊ի անունով HSBC բանկում առկա հաշվեհամարն իրականում բացվել է դեռևս Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ բարերարի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը (լուսանկարում՝ աջից)։ Ըստ նրա՝ այդ հաշվեհամարի վրա եղած 1 միլիոն դոլարն անձեռնմխելի գումար է, իսկ հարյուր հազար դոլարը բանկային շահույթներ են, որոնք օգտագործվում են բարեգործական նպատակներով։ Հիշեցնենք, որ Գարեգին Բ֊ի անունով առկա հաշվի մասին գաղտնազերծումն արել էր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը։

Epress.am֊ի լրագրողի հարցին ի պատասխան՝ քահանան հրաժարվել է հրապարակել բարերարի անունը՝ ասելով, որ դա գաղտնիք է։

Մելիքյանը նշել է, որ Վազգեն Ա կաթողիկոսի ժամանակ հնարավոր չէր հաշվեհամար բացել եկեղեցու անունով, այդ պատճառով հաշիվը բացվել է կաթողիկոսի անունով և նրա մահից հետո փոխանցվել է իրավահաջորդներին` Գարեգին Ա֊ին, իսկ վերջինիս վախճանից հետո՝ Գարեգին Բ֊ին:

«Այո, այդ հաշիվը եղել է և կա այսօր։ Եվ մենք պարզաբանել ենք։ Այլ հարց է, որ այդ պարզաբանումը ոմանց չի բավարարում»,- ասել է նա:

Epress.am-ի այն հարցին, թե սկանդալից խուսափելու համար ինչու եկեղեցին մինչև հաշվեհամարի գաղտնազերծումն այդ մասին տեղեկություն չէր հրապարակել, Մելիքյանը պատասխանել է, թե իրականում սկանդալը արհեստական է:

«Դուք բոլորդ էլ ունեք հաշվեհամարներ, հետաքրքիր է՝ ինչո՞ւ պետք է եկեղեցին այլ մեթոդներով իր գումարները պահի։ Իսկ գաղտնիությունը պարտավոր էր ապահովել բանկը։ Ցավալի է նման մեկնաբանություններ լսել եկեղեցու հասցեին»,֊ ասել է քահանան։

Մելիքյանն ասել է, որ եկեղեցին 3 նման հաշվեհամար ունի, մյուս երկուսը ստեղծվել են Գարեգին Ա֊ի և Գարեգին Բ֊ի կողմից:

Լրագրողներին ամենից շատը հուզում էր հարցը, թե եկեղեցին ընդհանուր առմամբ որքան գումար ունի այդ հաշիվների վրա: Մելիքյանն ասել է, որ այդ մասին հաշվետվություն ներկայացվում է Գերագույն հոգևոր խորհրդին, իսկ ժողովրդին հաշվետվություն ներկայացվում է այն չափով, որով պետք է:

Քահանայի խոսքով՝ եթե լրագրողը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ապա կարող է պաշտոնապես հարցում անել, և «եթե զգան, որ պարտավոր են», նրանք ամբողջ գումարի մասին տեղեկություն կտան։