Հայաստանում հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը խտրական մոտեցման պատճառով և հատկապես պետական աջակցության շրջանակներում խնամքի և բուժման ծառայություններ մատուցող հաստատություններում գտնվում է անբավարար վիճակում: Այս մասին ասված է Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի այլընտրանքային զեկույցում»։
Զեկույցի հեղինակները նշում են, որ խտրականության պատճառներ են հանդիսանում՝ հասարակության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խարանի և կարծրատիպերի առկայությունը, հոգեբուժական բուժհաստատությունների աշխատակիցների անբավարար մասնագիտական պատրաստվածությունը, մասնավորապես, մարդու իրավունքների վերաբերյալ անբավարար իրազեկվածությունը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի իրականացումը փակ տիպի հոգեբուժական բուժհաստատություններում:
«Հասարակության կողմից նման վերաբերմունքին նպաստում են զանգվածային լրատվության միջոցներով տարածվող նյութերը: Մասնավորապես, մեծ թիվ են կազմում նյութերը (2011-2013 թթ. հավաքագրված 431 նյութերից 86-ը (մոտ 20 տոկոսը), որոնք, լուսաբանելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարվող հանցագործությունները, նպաստում են այն կարծիքի ձևավորմանը, որ այդ անձինք վտանգավոր են հասարակության համար և նրանց անհրաժեշտ է մեկուսացնել հասարակությունից: Նման վերաբերմունքը հանգեցնում է նույնիսկ ընտանիքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցմանը», ֊ ասված է զեկույցում։
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու համար իրավապաշտպան կազմակերպությունը կարևոր է համարում, մասնավորապես, «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի ընդունումը։ Կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանում նաև արդիական է մնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի անհարկի և կամայական ազատազրկման խնդիրը:
Իրավապաշտպանները նշում են, որ Հայաստանում չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անհատական, հատուկ կարիքներին համապատասխան հոգեբուժական օգնության տրամադրումը: Հոգեբուժական ծառայությունները ոչ միայն մատչելի չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար, այլև Հայաստանում ապահովված չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջության իրավունքի պատշաճ իրականացումը, հասանելի չեն բուժման նորագույն մեթոդները։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են նաև, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և բուժման ծառայություններ մատուցող պետական հաստատություններում առկա է վատ, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Անմարդկային, վատ վերաբերմունք դրսևորվում է հատկապես ֆիզիկական զսպման միջոցների կիրառման ժամանակ, որը պայմանավորված է օրենքի անկատարությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ անհրաժեշտություն կա օրենքով ամրագրել միայն բժշկական նպատակներով և հիմնավորմամբ ֆիզիկական զսպման միջոցների կիրառման ընթացակարգերը ։ Բացի դա, կարիք կա ՀՀ քրեական օրենսգրքում «Խոշտանգում» հանցակազմի ամրագրում իրականացնել Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների համապատասխան, ինչը ներկայումս արված չէ։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ