2010-2013 թթ. ընթացքում Հայաստանի 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 145 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքը։
Իրավապաշտպան կազմակերպության տարածած տեղեկանքի մեջ նշվում է, որ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը բավականին մեծ է, եթե հաշվի առնել, որ նշված բուժհաստատություններում մահճակալների թիվը մոտ 1330 է:
«Այնուամենայնիվ, եթե համեմատականներ անցկացնենք նախորդ 4 տարիների՝ 2006-2009 թթ. հետ, ապա մահացության դեպքերի թիվը նվազել է 12-ով», – ասված է հետազոտության մեջ։
Իրավապահ մարմինների կողմից միայն 43 դեպքերում են քրեական գործեր հարուցվել, որոնք էլ կարճվել են հանցագործության բացակայության պատճառով: Այդ դեպքերից 4-ն ինքնասպանություն են որակվել:
Նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մեծ թիվ են կազմում սոմատիկ հիվանդություններով պատճառված մահերը։
«Կարելի է եզրակացնել, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոմատիկ հիվանդությունների բուժմանը, կանխարգելմանը: Միաժամանակ հաշվի առնելով հոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար վիճակը՝ վատ, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները, սննդի որակը, սոմատիկ հիվանդությունների բուժման վիճակը և մահացության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի փոքր թիվը՝ կարող ենք հետևություն անել, որ պատշաճ ուշադրության չի արժանանում նաև մահացության դեպքերի քննությունը»,֊ գրում են զեկույցի հեղինակները։