Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների տասնամյակներ տևած բացակայության ու հարակից վատ առևտրային կապերին կարելի է լավագույնս անդրադառնալ տնտեսական համագործակցության միջոցով։ Այս մասին ասված է Անկարայում գործող Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV)՝ «Ամրապնդելով Թուրքիայի և Հայաստանի միջև կապերն ու բիզնես համագործակցությունը» կոչվող զեկույցի մեջ, հայտնում է թուրքական Today's Zaman կայքը։
«Մենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք տեսնում, այլ ոչ գծային գործընթաց, որի դեպքում նախ բացում են սահմանը, հաստատում դիվանագիտական հարաբերություններ և միայն դրանից հետո անցնում տնտեսական համագործակցության։ Մենք կարծում ենք, որ կարելի է սկսել տնտեսական հարաբերությունների բարելավումից, ինչը կարող է վերաճել մեկ այլ դինամիկայի, որը կնպաստի կարգավորման գործընթացին։ Այնպես որ, մենք համոզված ենք, որ նույնիսկ առանց սահմանը բացելու, կարելի է տնտեսական հարաբերությունները բարելավելու ուղիներ գտնել»,֊ զեկույցի՝ ուրբաթ օրը կազմակերպված քննարկմանն ասել է հետազոտական կենտրոնի փորձագետ Ուսսալ Շահբազը։
TEPAV֊ի զեկույցի համաձայն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներն ունեն Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը խթանելու ներուժը, քանի որ այդ ոլորտներն ընդգրկված են երկու երկրների առաջնահերթությունների քաղաքականության մեջ։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, ելույթ ունենալով քննարկմանը, նշել է, որ Թուրքիան ու Հայաստանը փոխադարձ օգուտներ կքաղեին բաց սահմաններից։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը հրաժարվեց կնքել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ու փոխարենը մտավ Եվրասիական տնտեսական միություն, երկիրը կորցրեց մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը։ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումն ինչ֊որ չափով կլուծեր այդ խնդիրը, քանի որ կհզորացներ Հայաստանի տնտեսության մրցունակ կողմերն ու հակահարված կհասցներ Հայաստանում գոյություն ունեցող ապրանքային կարտելներին։
Կիրակոսյանը հավելել է, որ Հայաստանը, դառնալով ռուսաստանամետ, հայտնվել է «երկաթե վարագույրի սխալ կողմում», քանի որ Ռուսաստանի քայքայվող տնտեսությունը խորապես ազդում է տրանսֆերտների ու ներդրումների վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանին տնտեսական բարօրության համար։ Թուրքիան, փորձագետի խոսքով, լավ այլընտրանք է Ռուսաստանի հետ համագործակցության հետևանքով կրած տնտեսական կորուստները վերացնելու համար։
ՏՀԿ ղեկավարը խոսել է նաև այն օգուտների մասին, որոնք կքաղեր Թուրքիան Հայաստանի հետ սահմանը վերաբացելու դեպքում։ Ըստ նրա՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, հետևաբար, Թուրքիան արտոնյալ մուտք կստանար նաև դեպի ԵՏՄ մյուս պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի, տնտեսություններ։
Կիրակոսյանի խոսքով` հնարավոր կլինի նաև անդրադառնալ քրդական հարցին, քանի որ Հայաստանի ու ԵՏՄ մյուս պետությունների հետ առևտրային կապերի զարգացումը կխթաներ Թուրքիայի տնտեսությունն ու հնարավորություն կտար ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծել արևելյան Թուրքիայում։