Նախորդ տարի Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո աշխատանքից ազատված Երևանի մետրոպոլիտենի երեք սանդուղքավարների գործով դատական նիստերը վերսկվել են, թեև նախորդ տարվա դեկտեմբերին պետք է հրապարակվեր վճիռը: Այս մասին Epress.am-ին պատմել են Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ, ներկայումս գործազուրկ Գագիկ Գալստյանի, Անդրանիկ Գևորգյանի և Սևակ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանը:
Երեք աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդելով, որ գործատուն իրենց աշխատանքի իրավունքից զրկել է Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակցիաներին և օրինագծի դեմ ստորագրահավաքին մասնակցելու համար: Նրանք աշխատանքից ազատվել էին բողոքի ակցիայից երեք օր անց:
Ընդ որում՝ գործից զրկվածների փաստաբանը նշում է, որ Անդրանիկ Գևորգյանը ծնվել է 1973 թվականին, և պարտադիր կուտակային բաղադրիչն իրեն չի վերաբերել (պարտադիր բաղադրիչը գործում է 1974 թվականից հետո ծնվածների համար ֊ խմբ․): Նա ուղղակի եղել է ստորագրահավաքի կազմակերպիչը և ինքն է ստորագրահավաքի արդյունքները հանձնել Մետրոպոլիտենի տնօրենին:
Դատական նիստերը վերսկսվել են, քանի որ դատավոր Սիմիզար Հովսեփյանը պահանջել է պատասխանողից (Մետրոպոլիտենից) ներկայացնել որոշ աշխատանքային մատյաններ:
«Ես, սակայն, խնդրել էի մատյանները հանել ապացույցների շարքից, քանի որ դրանց մեջ ասվածը կապ չունի իմ պաշտպանյալներին ազատելու պատճառի հետ: Պատասխանողը մատյանում նշում է, որ հեռացված աշխատակիցները ոչ պատշաճ են աշխատել: Աշխատանքից ազատվելը, սակայն, կատարվել է վստահությունը կորցնելու հոդվածով: Այդ հոդվածը սահմանում է, որ աշխատակիցը կարող է հեռացվել, եթե նա հրապարակել է գաղտնի տեղեկություն ընկերության մասին, իրենց գործողություններով պատճառել են վնաս: Ոչ պատշաճ աշխատանքից վնաս կրելու որևէ փաստ չկա: Պատասխանողը նշում է, որ այդ վնասը կարող էր լինել ապագայում, կանխատեսելի է, սակայն օրենքը նման բան չի սահմանում»,-ասել է Գևորկյանը: