Home / Հայաստան / Ծառուկյանի վաստակն անհետ չի մնալու․ Լևոն Տեր֊Պետրոսյան

Ծառուկյանի վաստակն անհետ չի մնալու․ Լևոն Տեր֊Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր֊Պետրոսյանը ilur.am կայքում «Սրտիս պարտքը» վերանգրով հոդված է հրապարակել, որը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Հասկանալու համար, թե ինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, պետք է վերհիշել վերջին տարիների ընթացքում նրա անցած ճանապարհը։ Կուսակցությունը, որը 2007 թվականից սկսած, հինգ տարի շարունակ կառավարական կոալիցիայի մաս էր, 2012-ին դուրս եկավ իշխանական համակարգից։ 2012-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ոչ թե Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր, այլ առանձին ցուցակով, թեեւ շատերը հակառակն էին գուշակում։ Խորհրդարանական ընտրություններից հետո մերժեց կրկին մաս կազմել իշխանական կոալիցիային։ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Նույն թվականին ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դաշինք կնքեց խորհրդարանական երեք այլ խմբակցությունների՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Ժառանգության եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, բուռն քաղաքական գործունեություն ծավալելով Ազգային Ժողովի ներսում և ընդդիմադիր դիրքերից հանդես գալով բազմաթիվ համատեղ օրենսդրական նախաձեռնություններով ու սկզբունքային հայտարարություններով», ֊ գրել է Տեր֊Պետրոսյանը։

Հոդվածում նա ընդգծում է, որ այդ ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր։

«Հարկ է պարզաբանել, սակայն, թե իրականում ինչ է ցույց տալիս բոլորի համար ապշեցուցիչ այս էվոլյուցիան։ Ընդամենը մեկ բան. Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում և գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից և ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլևս չհաշտվելու և բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ։ Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի։

Նախ՝ անկեղծության մասին. եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից եւ ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը։ Միթե՞ նա ծանոթ չէր Խաչատուր Սուքիասյանին բաժին ընկած փորձություններին ու զրկանքներին, որոնք վերջինս կրեց նույնպես իր «անդարդ» կյանքն ու ծաղկուն բիզնեսը վտանգի ենթարկելու, 2007-ին խիզախաբար ընդդիմությանը միանալու եւ վերջինիս կենտրոնական դեմքերից մեկը դառնալու պատճառով։ Իսկ այժմ՝ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաների մասին։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է, ինչը ժողովրդավարական երկրներում իրագործվում է ազնիվ ընտրությունների միջոցով։

Ընթերցողներն իրավամբ կարող են հարցնել՝ իսկ Ծառուկյանն այս ընթացքում սխալներ թույլ չի՞ տվել։ Իհարկե, թույլ է տվել, որոնց մասին Հայ Ազգային Կոնգրեսը բարձրաձայնել է հրապարակորեն։ Մենք սխալ ենք համարել 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի հուժկու հանրահավաքների շղթայի դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը քաղաքական պայքարի իմիտացիայով (Համաժողովրդական շարժման շտաբների անժամանակ ձեւավորում, փետրվարի 5-ի համաժողովի գումարում) եւ այլն։ Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը։

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը դրսեւորեց մի քանի գնահատելի հատկություն՝ դրանով ապացուցելով,

– որ տիրապետում է հսկայական ընտրազանգվածի, վայելելով բնակչության հատկապես ընչազուրկ խավերի լիակատար համակրանքը.

– որ ընդունակ է համախմբել թե՛ իշխանություններից դժգոհ լայն զանգվածներին, եւ թե՛ տարբեր քաղաքական ուժերի.

– որ հանուն երկրի արատավոր իշխանական համակարգի վերափոխման եւ ժողովրդի բարօրության պատրաստ է գնալ զոհողությունների.

– որ ծայրաստիճան պարկեշտ ու հավատարիմ է քաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում», ֊ գրել է Տեր֊Պետրոսյանը։

Ընդհանրացնելով՝ ՀԱԿ առաջնորդն ընդգծում է, որ Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի և առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, «այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»։

«Ես համոզված եմ, որ այդ վաստակն անհետք չի մնալու։ Հայկական բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները վաղ թե ուշ հետեւելու են նրանց օրինակին, քանի որ այլապես ե՛ւ երկրի, ե՛ւ իրենց ապագան վտանգված է լինելու։ Ծառուկյանի եւ Սուքիասյանի մասին այստեղ ասվածը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, որովհետև վստահ եմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքականության մեջ դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել», ֊ գրել է Տեր֊Պետրոսյանը։

Հոդվածի վերջում նա նշում է, որ ինքը և Հայ Ազգային Կոնգրեսը երբևէ չեն ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որևէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։

«Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը», ֊ եզրափակում է Տեր֊Պետրոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi