Home / Հայաստան / Արագաչափերն ավելացրել են տուգանքների գանձման չափը, բայց երթևեկությունն անվտանգ չի դարձել․ «ՀԺ»

Արագաչափերն ավելացրել են տուգանքների գանձման չափը, բայց երթևեկությունն անվտանգ չի դարձել․ «ՀԺ»

2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում, դա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեսախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին: Մոտավորապես երկու միլիարդ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են:

«Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել», ֊ նշում է «ՀԺ»:

Թերթը հիշեցնում է, որ երբ արագաչափերը նոր էին տեղադրվել, կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ դրանց պատճառով մարդիկ ավել գումար են տալիս, բայց փոխարենը այդ սարքերի գործունեության արդյունքում մեծանում է երթևեկության, այսինքն քաղաքացիների անվտանգությունը:

«Պաշտոնական վիճակագրության թվերը, սակայն, ցույց են տալիս, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը գնալով աճում է: 2014-ին, օրինակ, 2013-ի նկատմամբ, այդ աճը կազմել է 12 տոկոս, իսկ ահա 2011-ի նկատմամբ 2014-ի աճը ամբողջ 35 տոկոս է կազմել: Ստացվում է ի՞նչ, քաղաքացիների երթևեկության անվտանգությունը սրանից չի մեծացել, ավելի մեծ թվով քաղաքացիներ են տուժում վթարների պատճառով, և սա քիչ չէ 10 միլիարդ դրամ էլ հավելյալ վճարում են», – գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում