Գյումրիի ոուսական ռազմաբազայի 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։
Դեռևս փետրվարի 21-ի Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը, գրավոր հաղորդում էր տվել, որ ամուսինը՝ 26-ամյա Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Աֆյանին, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։
Արթուր Աֆյանը Տավուշի մարզից է, բայց այժմ բնակվում է Գյումրիում, ամուսնացած է, 2 ամսական երեխա ունի։
Զինծառայողի անհետացումից հետո «Ասպարեզ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նա պարտքեր ունի և անհետացումը, գուցե, դրանով է պայմանավորված։
Տավուշի մարզի Հովք գյուղի գյուղապետ Գրիգոր Գևորգյանը, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր համագյուղացին չէր կարող պարտքերի պատճառով անհետանալ․
«Նա շատ կազմակերպված, աշխատող երիտասարդ էր, գյուղում հարգված։ Այսօր ո՞վ պարտք չունի, չեմ կարծում՝ պարտքի համար է»։