Ռադիո «Ազատություն»։ Ոմանց համար՝ «թշնամական ձայն», այլոց համար՝ անկախ, օբյեկտիվ տեղեկատվական աղբյուր։ «Ազատությունը», սակայն, միայն գաղափարախոսություն չէ, կամ էլ այն շենքը, որտեղ տեղակայված է ռադիոկայանը։ Դա նաև կոնկրետ մարդիկ են, ովքեր ամեն օր գալիս են ռադիո՝ աշխատանքի։ Նրանցից շատերը, սակայն, ստրկական ուժ են․ «Ազատության» ղեկավարությունը կարող է նրանց հետ անել այն, ինչ ուզում է։ Նման կարծիքի են ռադիոկայանի նախկին աշխատակիցներից ոմանք ու որոշ իրավապաշտպաններ։ Այս մասին «Ռադիո Պրահա»֊ի կայքում գրում է Կիրիլ Շչելկովը։
֊ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Մյունխենից Պրահա տեղափոխվեց 1995 թվականին Վացլավ Հավելի հրավերով։ Նախագահի ու չեխերից շատերի մոտ հպարտության զգացում առաջացավ՝ իրենց երկրի մայրաքաղաքում այժմ մեծ ու հարգված ընկերություն էր գտնվում։
Հպարտություն և ամոթ
Պարզվեց, սակայն, որ ինչ֊որ պահի հպարտությունը կարող է վերածվել ամոթի։ Իրավապաշտպանները, քաղաքական գործիչներն ու համաշխարհային մամուլը սկսեցին խոսել այն մասին, որ «Ազատությունը», իհարկե, գեղեցիկ անվանում է։ Ռադիոկայանի աշխատակիցներից շատերը, սակայն, որևէ իրավունքներ չունեցող վարձու ուժ են։
Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանն ու Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը երկար ժամանակ աշխատել են ռադիոկայանում։ Իսկ հետո նրանց հեռացրեցին աշխատանքից։ Պարզապես հեռացրեցին։ Պարզվեց, որ «Ազատությունում» գործում են անգամ ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտներ։ ԱՄՆ քաղաքացիներն աշխատում են մի տեսակի պայմաններով, չեխերը՝ մեկ այլ, իսկ «երրորդ երկրների» ներկայացուցիչները, այսինքն՝ ռուսական, ուկրաինական, խորվաթական, վրացական ու այլ անձնագրերով մարդիկ՝ բոլորովին այլ։ Նրանց կարող են ցանկացած պահի վռնդել։
Սնեժանա Պելիվանն ու Աննա Կարապետյանը հեռացման հետ համաձայն չէին։ Նրանք ունեին ընտրություն՝ վերցնել «վերջնահաշվարկն» ու լռել այն մասին, թե ինչ է տեղի ունենում ռադիոյում, կամ․․․ Նրանք ընտրեցին այդ «կամ»֊ը։ Այսինքն՝ դատարան դիմել։ Անցան թե չեխական դատարաններով՝ ընդհուպ մինչև Գերագույն և Սահմանադրական, թե՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով։
Ամերիկյան դատարանները փակ են «երրորդ երկրների» քաղաքացիների համար
Մեր հյուրն է Լև Ռոյթմանը՝ 1973 թվականին ԽՍՀՄ֊ից արտագաղթած խորհրդային այլախոհ։ Լրագրող, գրող, իրավաբան։ Լև Ռոյթմանը երկար ժամանակ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում։ ԱՄՆ քաղաքացի է, որը մշտական բնակություն է հաստատել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ «Սնեժանա Պելիվանն ու Աննա Կարապետյանն ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի» դատավարության ընթացքում նա ընդունել է ոչ թե նախկին գործատուի, այլ՝ գործընկերների կողմը։ Նրանց հետ միասին պայքարում է արդարության համար։
֊ Լև Իզրաիլևիչ, Սնեժանա Պելիվանն ու Աննա Կարապետյանն ամերիկյան «Ազատության» հետ դատվում են Չեխիայում, որտեղ ապաստանել է ռադիոկայանը։ Ինչո՞ւ ոչ Ամերիկայում։
֊ «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական քաղաքականության համաձայն՝ օտարերկրյա աշխատակիցները ենթարկվում են ԱՄՆ օրենսդրությանն ու ռադիոկայանի քաղաքականությանը, այլ ոչ թե Չեխիայի օրենքներին։ Չեխական օրենսդրությունը տարածվում է միայն չեխ աշխատակիցների վրա, իսկ նրանք «Ազատության» հետ առանձնահատուկ աշխատանքային համաձայնություններ ունեն։ Ռադիոկայանի ղեկավարության կարծիքով ու մտադրությամբ՝ Չեխիայի օրենսդրությունն արտասահմանցիների վրա չի տարածվում։ Աշխատանքից հեռացված մարդիկ, սակայն, ստիպված են դիմել չեխական դատարաններ։ Ամերիկյան դատարանները նրանց համար՝ որպես արտասահմանցիների, ովքեր օտար երկրում աշխատում են ամերիկյան գործատուի համար, փակ են։ Ամերիկյան որևէ աշխատանքային օրենք չի տարածվում ԱՄՆ սահմաններից դուրս աշխատող արտասահմանցիների համար։
Խարդախության ակտ
֊ Այսինքն, եթե արտասահմանցին աշխատում է ԱՄՆ տարածքում, ապա ամեն ինչ կարգին է։ Բայց «Ազատությունը» գտնվում է Ամերիկայից դուրս։ Ռադիոկայանի ղեկավարությունը աշխատանքի է ընդունում մարդկանց, խոստանալով նրանց պաշտպանություն՝ համաձայն ԱՄՆ օրենքներին, բայց նման պաշտպանություն որևէ մեկը չի կարող ակնկալել։ Ստացվում է՝ «Ազատությունը» խաբո՞ւմ է իր աշխատակիցներին։
֊ Ցավոք, այդպես է։ Հենց այդ պատճառով էլ Չեխիայի Հելսինկյան կոմիտեն, որն այն ժամանակ ղեկավարվում էր Աննա Շաբատովայի կողմից, ով այժմ Չեխիայի մարդու իրավունքների պաշտպանն է, «Ազատություն» ռադիոկայանի քաղաքականությունը որակեց իբրև խարդախության ակտ։ Ռադիոյի՝ «երրորդ երկրներից» աշխատակիցներին ստորագրության են տալիս ստանդարտ պայմանագիր, որում նշված է, որ նրանց վրա տարածվում են կամ ԱՄՆ օրենքները, կամ Կոլումբիայի շրջանի օրենքները, կամ «Ազատություն» ռադիոկայանի ներքին կանոնակարգի դրույթները։ Այդ կանոնները աշխատակիցներին երբեք չեն տալիս՝ կարդան, բայց եթե նույնիսկ տային, մարդիկ, միևնույն է, չեն հասկանում՝ ինչ է նշանակում ենթակայությունը ամերիկյան օրենքներին։ Մինչդեռ, ղեկավարության ու աշխատակիցների միջև հարաբերությունների կանոնակարգում նշված է, որ վերջինները ցանկացած պահի կարող են հեռացվել աշխատանքից՝ առանց որևէ պատճառի կամ ցանկացած պատճառով։ Դա դռներ է բացում ղեկավարության բացարձակ կամայականության համար, ինչն էլ տեղի է ունենում։
Կոմունիզմի դեմ պայքարողները կոմունիստական օրենքն օգտագործում են իրենց նպատակների համար
֊ Սնեժանա Պելիվանն ու Աննա Կարապետյանը պարտվել են Չեխիայի դատական ատյաններում։ Պարզվեց, որ Չեխիայի Հանրապետությունում գործում է 1963 թվականի օրենք, որն ամբողջովին «աջակցում» է «Ազատությանը»։
֊ Չեխիայի դատարաններն ու ամերիկյան կողմը մեջբերում են 1963 թվականի չեխոսլովական օրենքը։ Չեխական դատարանների կողմից այդ օրենքի մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերին ու Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին։ Այդ օրենքը թույլատրում էր կոմունիստական Չեխոսլովակիայի տարածքում օտարերկրյա օրենսդրության կիրառում այն դեպքում, եթե օտարերկրյա օրենսդրությունը չէր հակասում «հասարակական ու քաղաքական համակարգի սկզբունքներին, որոնց պետք էր հետևել առանց շեղումների»։ Այստեղ էլ հենց սկսվում է ամբողջ տրագիկոմեդիան։ Քանի որ, ըստ Չեխոսլովակիայի՝ 1960 թ․ ընդունված սահմանադրության, այդ «անձեռնմխելի սկզբունքներին» էր պատկանում կոմունիզմի հիմնումը՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության գլխավորությամբ։ Պարադոքսն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանը, որը հայտնի է կոմունիստական ստի դեմ իր մեծ պայքարով, օգտագործում է չեխոսլովական կոմունիստական օրենսդրությունը։ Նույնիսկ ավելի զարմանալի է այն, որ «Ազատությունը» Չեխիայում գործող միակ օտարերկրյա կազմակերպությունն է, որը կիրառում է այդ օրենքն ու այն վկայակոչում դատարաններում։
Ինչ են կարծում իրավապաշտպանները
֊Բայց չէ՞ որ, մեղմ ասած, տարօրինակ է վկայակոչել Չեխոսլովակայի օրենքները․․․
֊ Դե այո, բայց պարզվեց, որ 1963 թվականի այդ օրենքը մեկնաբանվել է ռադիոկայանի օգտին։ Այդպիսով, «Ազատության» համար բացվեց իրավական սողանցք լիարժեք վարչական կամայականությունների համար։ Մարդիկ, ովքեր աշխատում են ռադիոյում ու եթերից խոսում մարդու իրավունքների, օրենքի գերակայության մասին, ամբողջովին զրկվեցին այդ նույն օրենքներից ու արտոնություններից, ժողովրդավարական հասարակության առավելություններից, որոնց մասին խոսում են եթերից։ Նրանց վարձկաններ են։ Ի դեպ, լավ վարձատրվող վարձկաններ են, ինչն իրավիճակն էլ ավելի ցինիկ է դարձնում։ Հարկ է նշել, որ չեխ քաղաքական գործիչները, մասնավորապես, նախկին սենատոր, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան, ռադիոկայանի նման քաղաքականությունն անվանել է անպարկեշտ, անարդար, ցինիկ, կեղծավոր։ Աննա Շաբատովան, նրա մասին արդեն խոսել եմ, այդ քաղաքականությունը անվանում է անբարոյական, խարդախության ակտ։ Իսկ Տանյա Ֆիշերովան՝ Չեխիայի Հելսինկյան կոմիտեի ներկայիս ղեկավարը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել էթնիկական խտրականության դեմ բողոքներն ուղարկել Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդ։ Նրա կոչին արձագանքել են իրավապաշտպաններ Ռուսաստանից, Ֆրանսիայից ու անգամ Լատինական Ամերիկայից։ Իսկ ահա Պրահայի «Ազատությունը»․․․ ոչ մի արձագանք։
Բյուրոկրատական հարմարություն
֊ Բացատրեք, թե ինչու ամերիկացիների համար ավելի հեշտ չէ պարզապես չեղյալ համարել այդ կանոնները։ Չէ՞ որ այդ դեպքում կվերանան վեճերը, կոնֆլիկտները, դատերը, իրավապաշտպանների վրդովված հայտարարությունները։
֊ Իհարկե, ավելի հեշտ կլիներ փոխել կանոնները, այլ ոչ թե մշտապես արժանանալ համաշխարհային ԶԼՄ֊ների քննադատությանը։ Ռադիոյի ղեկավարությունը, սակայն, չի մտահոգվում իր հեղինակության մասին։ Այդ մարդիկ պարզապես փոփոխվող չինովնիկներ են։ Նրանց համար ավելի կարևոր է բյուրոկրատական հարմարությունը, քան միջազգային մամուլի հայտարարությունները։ Կարծում եմ, որ այդ ղեկավարությունը, այդ թվում՝ Վաշինգտոնում տնօրենների խորհուրդը, իր շահի համար կկիրառի անգամ շարիաթի օրենքները, եթե դա նրանց հարմար լինի։ Իմ առջև դրված է խոսուն խորագրերով միջազգային հրատարակությունների հսկայական ցուցակ։ Մեր այսօրվա զրույցին պատրաստվելիս դրանցից մի քանիսը թարգմանել եմ ռուսերեն։ «Ռադիո «Ազատությունը» դավաճանում է իր իդեալներին», «Ռադիո «Ազատ Եվրոպա»՝ Գուանտանամո Պրահայում», «Հավասարություն վերապահումներով», ««Ազատ Եվրոպայի» գործունեությունը հակասում է դրա իդեալներին», «Չեխիայի ինքնիշխանությունն ավարտվում է Վացլավյան հրապարակում»․․․ դա այն վայրն է, որտեղ նախկինում գտնվում էր ռադիոկայանը։ Ահա այն հեղինակությունը, որը վաստակում է այդ երբեմնի մեծ ռադիոկայանը։
Ինչու է չեխ լինելը շահավետ
֊ «Ազատության» «ներսում» իրավունքների համար որևէ պայքար տարվո՞ւմ է։ Ռադիոկայանի աշխատակիցները որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ են։ Թե՞ բոլորն այնքան են վախենում զրկվել աշխատանքից, որ՝ պարզապես լռում են։ Այնտեղ «ակտիվիստներ, պայքարողներ» կա՞ն։
֊ Ցավոք, չկան։ Ռադիոկայանի արտասահմանցի աշխատակիցները որևէ միավորման մեջ չեն մտնում։ Միավորված են միայն չեխ աշխատակիցները, քանի որ նրանք ռադիոկայանի հետ բոլորովին այլ աշխատանքային համաձայնություններ ունեն։ Դրանք ամբողջովին համապատասխանում են Չեխիայի աշխատանքային օրենսդրությանը, ու, հետևաբար, Չեխիայի քաղաքացիները պաշտպանված են։
֊ Հաջորդ քայլը ո՞րն է։ Ի՞նչ են պատրաստվում անել ռադիոկայանի պատճառով իրենց իրավունքներից զրկված մարդիկ։
֊ «Ազատություն» ռադիոկայանից հեռացված երկու արտասահմանցիներ՝ խորվաթ Սնեժանա Պելիվանն ու հայուհի Աննա Կարապետյանը, մտադիր են մոտ ժամանակները ԱՄՆ֊ի դեմ բողոք ներկայացնել ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհուրդ։ Այդ Խորհուրդը բաղկացած է «մարդու իրավունքների այնպիսի փորձագետ» երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Վենեսուելան, Վիետնամը, Ղազախստանը, Ալժիրը և այլն։ Այնպես որ, այնտեղ ազգային խտրականության մեջ մեղադրվող ԱՄՆ֊ի հանդեպ մեծ համակրանք չի կարելի ակնկալել։ Հենց դա է պատճառը, որ հունվարի վերջին Աննա Կարապետյանն ու Սնեժանա Պելիվանը նամակ են ուղղել Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդին՝ ընդգծելով, որ չեն ցանկանում, հատկապես հիմա, հանդես գալ ԱՄՆ֊ի ու Չեխիայի շահերի դեմ։ Սնեժանան ու Աննան Հեռարձակումների տնօրենների խորհրդին առաջարկում են իրենց հարցերն ու ռադիոկայանի հետ խնդիրները հարթել խաղաղ ճանապարհով։ Բայց նրանց չեն լսում։ Նրանք Վաշինգտոնից դեռևս պատասխան չեն ստացել։
Ինչի համար է այս պայքարը
֊ Ձեր վերջնական նպատակը ո՞րն է։ Փո՞ղ, «Ազատությունում» դեռևս աշխատողների համար աշխատանքային այլ պայմաննե՞ր, Աննայի ու Սնեժանայի վերադա՞րձ։ Թե՞ պարզապես բարոյական բավարարվածություն։
֊ Մենք ցանկանում ենք վերացնել այն անարդարությունը, որին արժանացել են Աննա Կարապետյանն ու Սնեժանա Պելիվանը։ Նրանք, ի դեպ, դուրս եկան իրենց իրավունքների պաշտպանության՝ հրաժարվելով ֆինանսական շահից։ Նրանք լռության դիմաց «վերջնահաշվարկ» չվերցրեցին։ Դա առաջինը։ Եվ երկրորդը, մենք պահանջում ենք փոխել այդ ռադիոկայանի ներքին կանոնակարգը։ Որպեսզի մարդիկ, ովքեր եթերից խոսում են ազատության ու ժողովրդավարության մասին, չլինեն անզոր վարձկաններ՝ զուրկ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։