Գործարար Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի ու նրա Հանրապետական կուսակցության հետ լեզվակռվից հետո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը լքելու մասին։ Հայաստանի իշխանություններն այլևս խնդիրներ չունեն, իսկ երկիրը՝ ունի։ «Էխո Կավկազա» ռադիոկայանի թղթակից Ամինա Ումարովայի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
֊ Հայաստանում իրավիճակը նման է դասական, ինչպես քաղաքագետներն են անվանում, մեկ ու կես կուսակցական համակարգի։ Համակարգ, որը կար Մեքսիկայի ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունում 20-ական թվականներից մինչև քսաներորդ դարի վերջ, համակարգ, որը կար ու մասամբ դեռ կա Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում։ Այսինքն՝ նման համակարգեր, որոնք առկա են ամբողջ աշխարհում, կան նաև հետխորհրդային տարածքի որոշ հատվածներում։ Այս համակարգի դեպքում ձևականորեն գործում է բազմակուսակցական համակարգ, խորհրդարանում ներկա են ընդդիմադիր կուսակցություններ, ու դա, իհարկե, Հայաստանում կշարունակի այդպես լինել․ մեկ կուսակցություն, սակայն, այս դեպքում՝ Հանրապետականը, ունի իշխանական գործառույթներն իրականացնելու կարողությունը՝ անկախ որևէ մեկի հետ կոալիցիայից։ Սա, հավանաբար, հանրապետականների համար հարմար իրավիճակ է։ Քաղաքական համակարգի զարգացման համար, սակայն, այնքան էլ հարմար չէ։ Փաստորեն ստացվում է, որ ձևականորեն Հայաստանի բոլոր քիչ թե շատ լուրջ կուսակցությունները կարող են հանդես գալ խորհրդարանում, մամուլում, կա խոսքի ազատություն, կարող են ու իրավունք ունեն խորհրդարանում ցանկացած տեսակի քննարկումներ կազմակերպել, սակայն քաղաքականության վրա իրականում ազդել չեն կարող։ Ահա սա այնքան էլ բարեհաջող իրավիճակ չէ։
Ամինա Ումարովա ֊ Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակում «գունավոր հեղափոխության» համար նախադրյալներ տեսնո՞ւմ եք։
֊ Հայաստանում հեղափոխությունների համար որևէ նախադրյալներ չկան։ Դրա մասին է վկայում այս ամբողջ վերջին շրջանը։ Հանրապետականները վերջին երկու տարիներին հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում։ Նրանք հաղթել են նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, Երևանի քաղաքապետի ընտրություններում, հաղթել են տեղական մակարդակով գրեթե բոլոր ընտրություններում։ Այդ բոլոր ընտրություններից հետո որևէ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ հենց այն պատճառով, որ գոյություն չունի լուրջ քաղաքական ուժ, որն ի վիճակի է նման ինչ֊որ բան կազմակերպել։ Այդ տեսակի ցանկացած հեղաշրջում՝ հեղափոխություն, ընտրական հաղթանակ, տեխնոլոգիա է, որի համար անհրաժեշտ են ֆինանսական, կազմակերպչական, մարդկային, մեդիա ռեսուրսներ։
Ամինա Ումարովա ֊ Այդ ամենն ուներ Ծառուկյա՞նը։
֊ Մասամբ։ Ծառուկյանից բացի, ոչ ոք չունի։ Ինչպես պարզվեց, Ծառուկյանն էլ բավականաչափ չուներ, բայց նրանից բացի ոչ ոք հաստատ չունի։ Հետևաբար, չկա այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է անել այն, ինչի մասին հարցնում եք։ Այնպես որ, այս իրավիճակում ընտրազանգվածի պատասխանն անտարբերությունը կլինի։ Ընտրություններին մոտ՝ կտեսնենք։ Ներկա դրությամբ չկան հիմքեր կարծելու, որ կարող են տեղի ունենալ որևէ լուրջ ակցիաներ։
Ամինա Ումարովա ֊ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործողություններում նկատվում է կրեմլյան ղեկավարության մոդել․ նկատի ունեմ քաղաքական հակառակորդներից ազատվելը։ Նա ռուսաստանցի խորհրդականներ ունի՞։
֊ Դա սխալ տպավորություն է։ Սերժ Սարգսյանն ունի խորհրդականներ, ինչպես ցանկացած այլ նախագահ։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի մասին խոսելիս նկատի ունենք ոչ թե մեկ մարդու, այլ՝ որոշակի խմբի՝ Հայաստանում քաղաքական ընտրություններ կայացնող կենտրոնի։ Հայաստանը, իհարկե, Հոլանդիա կամ Շվեյցարիա չէ, բայց ոչ էլ Թուրքմենստան է, Ադրբեջան կամ Ռուսաստան, ու Սերժ Սարգսյանը, որքան էլ լուրջ ու էական, բայց քաղաքական համակարգ միայն մի մաս է։ Այլապես, որևէ [սահմանադրական] բարեփոխումներ չէին լինի, ու նա պարզապես կընտրվեր երրորդ, չորրորդ ժամկետի՝ ինչպես արվում է գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում։ Հետևաբար, այստեղ խոսքը ոչ թե խորհրդականների մասին է, այլ այն, որ կառույցները, իրականում, բավականին տարբեր են։ Ռուսաստանում Ծառուկյան կամ որևէ նման երևույթ վաղուց արդեն չկա։ Ռուսաստանի Պետդումայում որևէ ընդդիմադիր կուսակցություն չկա։ Ընդդիմադիրները նստած են կամ բանտում, կամ արտասահմանում են, կամ՝ իրենց բնակարաններում։ Քաղաքական քննարկումների վրա ազդելու այն հնարավորությունը, որը ունեն հայաստանցի քաղաքական գործիչները, Ռուսաստանում չկա։ Ռուսաստանում կազմակերպվող հանրահավաքների ժամանակ ելույթ են ունենում լրագրողներ, բանաստեղծներ, գրողներ ու նկարիչներ, քանի որ հայաստանցի ընդդիմադիրների մակարդակի քաղաքական գործիչներ Ռուսաստանում չկան։ Դրանք, այնուամենայնիվ, տարբեր քաղաքական համակարգեր են, ու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բավականին տխուր է, բայց բավականին տխուր է՝ համեմատած Հայաստանի քաղաքական պատմության հետ։ Հայաստանում պահպանվում են քաղաքական կուսակցությունները՝ դրանք կան խորհրդարանում, կան քաղաքական բանավեճեր, կա քաղաքական պայքար կառուցելու հնարավորություն․ չկա որևէ մեկը, սակայն, որն ի վիճակի է օգտվել այդ հնարավորությունից։