ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հաղորդում է ՀՔԾ֊ն, նախաքննությունը պարզել է, որ Արմեն Մելքոնյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբեր ամսին նրանից պահանջել է 200 հազար ՀՀ դրամ կաշառք: ՀՔԾ֊ն նշում է, որ իրականում թմրամիջոցներ գործածելն ապաքրեականացված արարք է։
Տևական ժամանակ Արմեն Մելքոնյանը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվելուց հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (կաշառք ստանալը շորթմամբ):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: