Բաքվում կիրակի՝ մարտի 15֊ին, տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին, լրագրողների գնահատմամբ, մասնակցել է շուրջ հինգ հազար մարդ։ Հավաքին ելույթ ունեցողներն Ադրբեջանում իշխող ընտանիքին մեղադրել են բյուջետային միջոցների վատնման, կոռուպցիայի, ազգային արժույթի արժեզրկման, միլիոնավոր քաղաքացիների վարկային գերևարության, այլախոհների հետապնդման, Եվրոպական խաղերին Հայաստանից մասնակիցների մասնակցության ու այդ մասնակիցների ծախսերի վճարման մեջ։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ամբիոնից հնչող ելույթները զուգորդվել են «Դադարեցրե՛ք թալանը», «Գո՛ղ իշխանություն, հեռացի՛ր», «Հրաժարակա՛ն» կարգախոսներով։
«Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումն ու չմտածված քայլերը հանգեցրել են նրան, որ պետական բյուջեում ունենալով 19 մլրդ մանաթ՝ նրանք որոշել են 8 մլրդ արժողությամբ օլիմպիական խաղեր անցկացնել։ Ո՞ւմ և ինչո՞ւ է դա պետք։ Նման խոշոր միջոցները կարելի էր ուղղել լրջագույն սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմանը, ընդամենը 150 մանաթ կազմող մինիմալ թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը»,֊ իր ելույթում ասել է ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։
Նա երկրի ղեկավարությանը քննադատել է Եվրոպական խաղերի մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության, բոլոր ծախսերը հոգալու պատրաստակամության համար․ «Այդ ցինիզմը տեղի է ունենում իշխանությունների՝ փախստականների ու պատերազմի հաշմանդամների խնդիրները լուծելու մերժման ֆոնին։ Սա ազգային խայտառակություն է»։
Քերիմլին իշխանություններին նաև մեղադրել է ազգային հարստությունները վատնելու, դրանք ինքնագովազդի ու անիմաստ միջոցառումների վրա ծախսելու մեջ։ «Այդ ամենն անում է իշխող ընտանիքը, նրանք հետապնդում ու ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր նման հարցեր են բարձրացնում՝ լրագրողների, ակտիվիստների և հասարակական գործիչների։ Այս անօրինությանը վերջ դնելու, իշխող ընտանիքի 20֊ամյա լծից ազատվելու համար մենք պետք է միասնական ու ակտիվ լինենք, բողոքի ակցիաների շարք սկսենք, որպեսզի թույլ չտանք մեզ վախեցնել ու հասնել նրան, որ իշխանությունները հաշվի նստեն ժողովրդի հետ»,֊ ասել է ընդդիմադիր գործիչը։
«Ազգային խորհրդի» անդամ ու «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլին իր ելույթում նշել է, որ ստեղծված իրավիճակն իշխանությունների անմիտ, գողական քաղաքականության տրամաբանական արդյունքն է․ «Նրանք համոզված են, որ չկա ուժ, որն ի վիճակի է նրանց խանգարել մշտապես խաբել, ճնշել ու ոտնահարել քաղաքացիներին։ Մենք պարզապես ստիպված ենք ցույց տալ, որ ժողովուրդն այդ ամենի հետ համաձայն չէ, որ մարդկանց դա դուր չի գալիս և ի հեճուկս պաշտոնական քարոզչության՝ ժողովուրդը չի աջակցում պաշտոնական քաղաքականությունը»։
Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ռովշան Ահմեդովն ամբիոնից ասել է, որ արդեն 20 տարի է՝ պատերազմի փախստականներն ու հաշմանդամները չեն կարողանում փոխհատուցում ստանալ։ «Իսկ իշխանությունները պատրաստ են հրավիրել ու հոգալ ծախսերը մասնակիցների մի երկրից, որը բռնազավթել է մեր հողերը, որի ներկայացուցիչները սպանել, վիրավորել ու արտաքսել են իրենց հողերից այդ նույն փախստականներին ու մեր զինծառայողներին։ Ամո՛թ քեզ։ Ինչպե՞ս ես կարողանում ժողովրդիդ աչքերի մեջ նայել»։
Վերջին նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի գլխավոր հակառակորդ, «Ազգային խորհուրդ» դաշինքի առաջնորդ Ջամիլ Հասանլին իշխանություններին մեղադրել է ընտրությունները կեղծելու, ժողովրդի բարոյականության ու մշակույթի այլասերման մեջ․ «Դուք սուտը կանգնեցրել եք պատվանդանի վրա՝ կոռումպացված ու պարզունակ երկրի կերպար ստեղծելով։ Այդ ամենի գլխին կանգնած է ինքը՝ Իլհամ Ալիևը, հենց նրա պատճառով է այդ ամենը սովորական դարձել, ու նա պետք է պատասխան տա»։
Հասանլին Ադրբեջանի երիտասարդությանը կոչ է արել դիտորդի դեր չզբաղեցնել ու ակտիվորեն մասնակցել քաղաքականությանը։
Ակցիայի ավարտին ընդունվել է հանրահավաքի արդյունքներով բանաձև, որում ասված է․ «Իշխանությունները խաբել են քաղաքացիներին՝ կտրուկ արժեզրկելով մանաթը, չնայած, որ մինչ այդ երաշխավորում էին՝ նման բան տեղի չի ունենա։ Ուստի, իշխանությունները պետք է բնակչությանը փոխհատուցեն այդ կորուստները, բարձրացնեն աշխատավարձերն ու թոշակները, նվազեցնեն վարկային տոկոսադրույքները, վերջ դնեն կառուպցիային ու մենաշնորհին, աջակցեն բնակչության առավել կարիքավոր շերտերին ու ձեռներեցներին»։