«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չի զրկվի ԱԺ պատգամավորի մանդատից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Վերջինիս խոսքով՝ ինքն իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մեծ մասը հարգելի էր համարել դեռևս հունվարին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հունվարի 29-ով թվագրված գրավոր տեղեկանքում նշել էր, որ Սահակյանը Ծառուկյանի 133 բացակայություններից հարգելի է համարել 106֊ը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին հնչեցրած ելույթից հետո, սակայն, ԱԺ֊ում իշխող ՀՀԿ֊ն կրկին սկսել էր զբաղվել Ծառուկյանի բացակայությունների խնդրով։
«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը», ֊ մասնավորապես, ասել էր Սարգսյանը։
«Անհրաժեշտ քայլերը», սակայն, չձեռնարկվեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նախ չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախաձեռնած ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքը, ապա մարտի 5-ին ԲՀԿ համագումարին պաշտոնապես հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։