Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում կլինեն ինտենսիվ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կդիտվեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ի գիշերը ներառյալ, իսկ ցերեկն արդեն կդիտվի տեղումների դադար: Մարտի 24-ին կրկին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ և ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում տեղումները կշարունակվեն: Մարտի 26-ին արդեն հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա 5 օրերին ցրտահարության վտանգ չկա։ Մարտի 26-27-ին արդեն գիշերը կդիտվի 4-6 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 16-17 աստիճան:
Սուրենյանի կանխատեսումներով՝ տեղումները լինելու են նորմայից ավելի, օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում: