Մարտի 13-ին, 19:00-20:00 միջակայքում անհայտ անձինք աշխատակիցների բացակայության ժամանակ մուտք են գործել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ֊ի գրասենյակ և, վերցնելով գրասեղաններին տեղադրված երկու շարժական համակարգիչները, հեռացել են: Այս մասին ասված է ՀԿ֊ի տարածած հաղորդագրության մեջ
Կազմակերպության անդամները հանցագործության մասին հաղորդումը ոստիկանություն են ներկայացրել հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ժամը 16:00-ին, համակարգիչների կորուստը նկատելուց անմիջապես հետո:
«Սակայն ԻԵՄ-ի գրասենյակ ժամանած ոստիկանները գործել են ոչ արդյունավետ. մատնահետքերը վերցվել են միայն կազմակերպության անդամների կողմից պահանջ ներկայացնելուց հետո, իսկ շրջակայքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները ոստիկանության կողմից ցայսօր՝ հանցագործության կատարումից հետո տասներորդ օրվա դրությամբ, ձեռք չեն բերվել:
«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է ոստիկանության կողմից դրսևորած անգործությունը և կոչ անում վերջինիս հանցագործության բացահայտման ուղղությամբ դրսևորել բարեխղճություն և պատշաճ ջանադրություն», ֊ ասված է ՀԿ֊ի հայտարարության մեջ:
Նշենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, մասնավորապես, հանրային վերահսկողություն պետական պաշտոնական անձանց նկատմամբ, ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն, ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի դիտարկում։
ՀԿ֊ի ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգրոյանը զբաղվել են աղմկահարույց «Հարսանքարի գործով», դատարանում ներկայացրել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի շահերը։