Սիրիայից Հայաստան գաղթած սիրիահայ գործարարներն ստիպված կլինեն իրենց բիզնեսները փակել, եթե կառավարությունը չընդառաջի ու վարկերի գումարը գոնե 6 ամսով չսառեցնի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ սիրիահայերը ՀՀ կառավարության կողմից 2 տարի առաջ հատուկ ծրագրով իրենց տրված վարկային արտոնություններից օգտվելիս բախվել են բազմաթիվ խնդիրների։
Սիրիահայերը Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցության վարկը ստացել են արտոնյալ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով, սակայն, համաձայն թերթի, նույնիսկ այդ պայմաններում չեն կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ ապրում են վարձով, կոմունալ վճարներ են կատարում և հետն էլ ապրուստի հարցերը հոգում։
Սիրիահայ գործարար Հրաչ Բալ֊Մանուկյանը տեքստիլ արտադրություն է հիմնել և 28 մարդու աշխատանքով ապահովել, սակայն այսօր չի կարողանում հարկերի, վարկերի ու վարձակալած տաղավարի վարձավճարների տակից դուրս գալ։
«Մինչ դրամ֊դոլար հարցերը (նկատի ունի դրամի անկումը֊խմբ․), վարկային ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց այս ընթացքում շատերը կունենան։ Գումարը քիչ էր, ժամկետները սուղ են, ճիշտ է՝ տոկոսադրույքը շատ նպաստավոր է, բայց, այդուհանդերձ, չենք կարողանում վճարել։ Այդ պատճառով կառավարությանը խնդրում ենք ժամանակ տալ մեզ, որ շատերի նման չհայտնվենք «սև ցուցակում»»,֊ «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասել է Բալ֊Մանուկյանը՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են վարկի տոկոսները վճարել, սակայն խնդրում են երկարաձգել մայր գումարի մարման ժամանակը։
Կառավարությանը վարկային պարտավորությունները սառեցնելու խնդրանքով դիմել է նաև սիրիահայ ոսկերիչ Միքայել Կարապետը։
«Երբ նոր էինք եկել, մեզ ասում էին, թե ինչպիսի մեծ շուկա է մեր առջև բացվելու, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն մինչ օրս որևէ շուկա մեր առաջ չի բացվել, ընդհակառակը՝ շուկան գնալով փոքրանում է։ Մենք այն ժամանակ ասում էինք՝ մեզ գործ տան, ոչ թե փող․․․ Հալեպում 5֊6 միլիոնանոց շուկա է, դու աշխատում ես քո արհեստանոցում, քո հաճախորդը գալիս քեզ գտնում է, իսկ այստեղ մենք ենք, գործը թողած, հաճախորդ փնտրում։ Բացի դրանից, Սիրիայում հարկային արտոնություններ կան, նոր բիզնես սկսողներին 5 տարի հարկ չկա»,֊ թերթի թղթակցին ասել է գործարարը։
Մանրամասները՝ «Հրապարակ»֊ի այսօրվա համարում
Լուսանկարը՝ pulitzercenter.org