Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների համախոհ Հայկ Կյուրեղյանի գործով առաջացած իրավաբանական կազուսն այդպես էլ չի լուծվել, և դատարանում սկսվել է գործով տուժողի և վկաների հարցաքննությունը՝ առանց Կյուրեղյանի մասնակցության: Հայկ Կյուրեղյանի հայրը բոյկոտել է այսօրվա նիստը՝ սխալ համարելով առանց որդու մասնակցության ցուցմունքներ լսելը։
Հիշեցնենք, որ իրավաբանական կազուսն առաջացել է, երբ Հայկ Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով՝ դատարանին չհարգելու և նստած խոսելու համար, և չի համաձայնել լիազորել դատարանի կողմից կանչված հանրային պաշտպանին որպես իր ներկայացուցիչ, իսկ առանց մեղադրյալի կամ նրա ներկայացուցչի մասնակցության դատական նիստը չի կարող կայանալ:
«Այսօր նիստը տեղի ունեցավ առանց Հայկի: Ես դա համարում եմ սխալ և ես ինքս միջացնքում եմ եղել և չեմ մասնակցել նիստին: Ես հանրային պաշտպանից չեմ հարցրել ցուցմունքների մասին, քանի որ, եթե Հայկը այդ փաստաբանին չի ճանաչում, ապա ես էլ չեմ ճանաչում որպես որդուս ներկայացուցիչ»,- Epress.am-ին ասել է Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Ինչպես նախորդ նիստերին, այսօր ևս փաստաբան Անժելա Հոբոսյանը դատարանում ասել է, որ ինքը չի ստացել Հայկ Կյուրեղյանից թույլտվություն՝ իրեն ներկայացնելու համար: Դատարանը Հոբոսյանին իրավունք է տվել վկաներին հարցեր ուղղել, սակայն նա նույն պատճառաբանությամբ չի օգտվել այդ իրավունքից:
Ինչևէ, այսօր դատարանը լսել է տուժող ոստիկան Սամսոն Ղարիբյանի ցուցմունքը: Վերջինս պատմել է, թե ինչպես է Կյուրեղյանը բարձրացել ավտոմեքենաներից մեկի վրա և բղավել՝ «ոստիկան չկա՞ այստեղ», ապա կրակել մոտեցած ոստիկանների ուղղությամբ: Տուժողի խոսքով՝ Հայկ Կյուրեղյանը բացահայտ արհամարհանք է դրսևորել պետության և հասարակական կարգի նկատմամբ: Ոստիկանը հավելել է, որ Կյուրեղյանը հայհոյել է, երբ իրեն փորձում էին ձեռնաշղթաներ հագցնել:
Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին, Հայկ Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին և կրակել է օդամղիչ ատրճանակով: