«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հուսադրող չի համարում այն, որ մինչև այս պահը Գյումրիում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեև բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ այսօր հեռախոսով զրուցել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ:
«Իմ և ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության և անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և կարևորեցի տեղի ունեցածի ամբողջական և համոզիչ բացահայտումը, այդ թվում և իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:
Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, ֊ գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» տարածել էր երիտասարդի լուսանկարը, որը, նրանց պնդմամբ, Գյումրիում իրենց հրավիրած հանրահավաքի ժամանակ դանակահարել է Հրաչիկ Միրզոյանին: