Թուրքիայում այսօր՝ մարտի 31֊ին, իր գրասենյակում պատանդ է վերցվել Ստամբուլում Գեզի այգու ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթի կայքը։
Կայքի համաձայն, Քիրազին պատանդ են վերցրել «Հեղափոխական ժողովրդական ազատագրման կուսակցություն֊ճակատ» (DHKP-C) խմբակցության զինյալները։
Halkinsesi.tv կայքի միջոցով ահաբեկիչների տարածած հայտարարության համաձայն, նրանք իշխանություններին ժամանակ են տվել նրանց պահանջները կատարելու համար․ հակառակ դեպքում, զինյալները սպառնում են սպանել դատախազին։
DHKP-C անդամները պահանջում են, որ Էլվանի սպանության մեջ կասկածվող ոստիկաններն ուղիղ եթերով խոստովանեն իրենց մեղքը, ինչպես նաև՝ ազատ արձակվեն ի հիշատակ Էլվանի անցկացված երթերի ձերբակալված մասնակիցները։
Հիշեցնենք, որ 15-ամյա Էլվանը գլխին գազային նռնակի հարված էր ստացել Գեզի այգու շուրջ Ստամբուլում անցկացվող ցույցերից մեկի ժամանակ։ Նա մահացել է 2014 թվականի մարտի 11֊ին՝ 9 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո։