Գյումրիի բնակիչ Կամո Խաչատրյանն ապրիլի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, և նույն օրը քննիչի կողմից ձերբակալվել՝ շաբաթ օրը Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին (լուսանկարում) ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Միրզոյանին դանակահարելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 112֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
Նախնական ախտորոշմամբ՝ Միրզոյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք, վիրահատության ժամանակ հեռացվել է տուժողի փայծախը։
Քննչական կոմիտեն նշում է, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժողին լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։ Լուսանկարում պատկերված անձը Կամո Խաչատրյանն է եղել։
Նշենք, որ մամուլում ավելի վաղ տարածվել էր հնարավոր հանցագործի լուսանկարը և նշվել էր, որ Միրզոյանին դանակահարողը Ռուդիկ Խաչատրյանն է։