հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ֆոտոլրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է․ նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը

Ֆոտոլրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է․ նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը

Մարտի 28-ին Ստամբուլի օդանավակայանում բերման է ենթարկվել գերմանական Der Spiegel ամսագրի ֆոտոլրագրող Անդի Սպիրան։ Թուրքիայի իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որպեսզի գերմանացի ֆոտոլրագրողը մուտք գործի երկիր՝ հայտարարելով, թե կասկածում են վերջինիս ջիհադիստ լինելու մեջ։

Der Spiegel֊ի փոխանցմամբ՝ օդանավակայանում մեկ գիշեր պահելուց հետո լրագրողին հետ են ուղարկել Գերմանիա։

Սպիրան Դյուսելդորֆից Ստամբուլ էր ժամանել մարտի 28֊ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆոտոշարք հեղինակելու համար։ Ավելի վաղ Սպիրան արդեն եղել էր Թուրքիայում՝ Վանում և Դիարբեքիրում, ինչպես նաև Հայաստանում ու Ցեղասպանությանը նվիրված «Խավարից դուրս» լուսանկարների շարք էր հրապարակել։

Ֆոտոլրագրողը պատմել է, որ Ստամբուլում վայրէջք կատարելուց հետո քաղաքացիական հագուստով 4 անձիք իրեն տարել են անվտանգության ծառայության տարածք ու պահանջել, որպեսզի բացի ճամպրուկը։ Ոստիկանները խուզարկել են լրագրողի լուսանկարչական սարքը, ուսումնասիրել հիշողության քարտի, ինչպես նաև Սպիրայի հեռախոսի վրա գտնվող՝ Իրաքում արված լուսանկարները, որոնցում լրագրողը ռազմական բաճկոն էր կրում։

Կայքի համաձայն՝ ֆոտոլրագրողը փորձել է բացատրել է, որ լրագրող է, ցույց է տվել ամրագրումը հյուրանոցում։ Ոստիկանները, սակայն, նրան տեղեկացրել են, որ հաջորդ առավոտյան հետ են ուղարկելու Դյուսելդորֆ, ու տարել օդանավակայանի արտաքսման կենտրոն։

Արտաքսման կենտրոնում գտնվելու ընթացքում Սպիրան զանգահարել է Թուրքիայում գտնվող իր գործընկերոջն ու իր գերմանացի խմբագիրներին։ Լրագրողի գործընկերները խնդրի մասին տեղյակ են պահել Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությանը։

«Թուրքիայի իշխանությունները գերմանացի իրենց գործընկերներին հայտնել են, թե ինձ կասկածել են ջիհադիստ լինելու մեջ՝ իմ կանաչ գույնի հագուստի ու «ռազմական սարքավորումների» պատճառով․․․Ավելի ուշ, սակայն, պարզեցինք, որ այդ գիշեր հյուպատոսության աշխատակիցները նրանց տեղեկացրել են, որ ես լրագրող եմ ու պաշտոնական բողոք ներկայացրել»,֊ ասել է Սպիրան։

Անցած տարի Der Spiegel ամսագիրը հետ էր կանչել Թուրքիայում իր հատուկ թղթակից Հասնաին Կազիմին․ լրագրողը սկսել էր սպառնալիքներ ստանալ Թուրքիայի Սոմա բնակավայրում հանքի փլուզման դեպքերը լուսաբանելուց հետո։ Կազիմը, ըստ հաղորդումների, ստացել է ավելի քան 10,000 սպառնալիք էլեկտրոնային փոստի ու սոցցանցերի միջոցով։ Նամակներից մեկում հեղինակը սպառնացել է «կտրել նրա վիզը փողոցում հանդիպելու դեպքում»։

Սպառնալիքները, որոնք վերագրվում են իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմնակիցներին, ուղարկվել էին անցած տարվա մայիսի 14֊ից հետո, երբ ամսագիրը հրապարակել էր «Գրողի ծոցը գնա, Էրդողան» վերնագրով հոդված։ Այդ արտահայտությունն ուղիղ մեջբերում էր Սոմայի հանքի աշխատողներից մեկի խոսքից, ում զայրացրել էին Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե հանքերում տեղի ունեցող պատահարները բնական երևույթ են։ Էրդողանի համակիրները, սակայն, խորագիրը համարել էին վիրավորանք վարչապետի հասցեին ու նախաձեռնել «Գնա գրողի ծոցը, Der Spiegel» արշավ «Թվիթեր»֊ում։