«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ձերբակալած մարդիկ մշակութային, սոցիալական և երբեմն նաև կենսաբանական ժառանգներն են այն սովետական իշխանությունների, ովքեր արգելում էին Հայոց ցեղասպանության մասին խոսելը։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի դիմաց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը (լուսանկարում)։ Նա հիշեցրել է, որ մինչև 1965 թվականը Հայաստանում արգելված էր խոսել Ցեղասպանությունից, բազմաթիվ հայեր հալածվել են, աքսորվել ողջ խորհրդային տիրույթից։
«Եվս մեկ քայլով մոտենում ենք ամբողջատիրական ռեժիմին։ Բռնաճնշումների դիմել են շարունակելու համար իրենց օլիգարխիկ վարքը, դա է միակ պատճառը, չնայած որ թղթի վրա գրել են անհնազանդությունները կանխելու մասին»,- ասել է Հրանուշ Խառատյանը։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նկատել է, որ չնայած շարժման առաջնորդներն այս պահին բերման են ենթարկված, իշխանափոխության ծրագիրը չի փոխվելու։ Նա նշել է, որ կա կոլեգիալություն, որի շնորհիվ ծրագրված գործողությունները կիրականացվեն։ Ենիգոմշյանի խոսքով՝ նոր մարդիկ կստանձնեն կազմակերպչական աշխատանքները, սակայն նրանց անուններն այս պահին չեն հրապարակվի՝ «հակառակորդի (նկատի ունի իշխանություններին – խմբ.) ձեռքին նոր լծակներ չտալու համար»:
Ենիգոմշյանը նաև հայտարարել է, որ վաղը «Էրեբունի» ՁՊՎ-ի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: Վանաձորում պլանավորված Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքը նույնպես կկայանա։
Նշենք, որ առավոտյան բերման ենթարկված նախաձեռնության ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը և Արամ Հակոբյանը ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի համաձայն, նրանց կասկածում են քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: