Այսօր Էրեբունիի ՁՊՎ-ի դիմաց «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության մոտ 100 անդամներ և աջակիցներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել ապրիլի 7-ին ձերբակալված նախաձեռնության առաջնորդներին։
Ակցիային մասնակցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նաև ՁՊՎ է ներս մտել և հանդիպել ձերբակալվածներին: Դուրս գալով՝ նա հավաքվածներին ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները գանգատվել են առողջությունից։ Պատգամավորն ասել է, որ նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվել, նաև նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ծրագիրը՝ կապված ապրիլի 24-ի հետ մնում է ուժի մեջ:
«Ռեժիմը վախեր ունի, և պարզ է, որ վախեցող մարդն է դիմում ծայրահեղ քայլերի: Ես հորդորում եմ, որ հենց հիմա ազատ արձակեն բոլորին», – ասել է Փոստանջյանը: Նա նշել է, որ ձերբակալության համար որևէ հիմք չկա, բացի նրանից, որ Սեֆիլյանն ու ընկերներն իշխանությունից տարբեր քաղաքական հայացքներ ունեն:
«Երբ Վալերի Պերմյակովը զինված փախել էր 102-րդ ռազմաբազայից, ո՞ւր էին ԱԱԾ-ի, այդ նույն Քննչական կոմիտեի աշխատակիցները, որ թույլ տվեցին նման ոճրագործություն տեղի ունենա: Այս պահին բազմաթիվ իրավական նորմեր են խախտվել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում։ Եթե իրենց ուժը պատում է, թող գնան հենց հիմա ձերբակալեն Վալերի Պերմյակովին», – ասել է Զարուհի Փոստանջյանը:
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ով երեկ ևս բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել, լրագրողներին պատմել է, որ իրենից հիմնականում հարցնում էին «Հիմնադիր խորհրդարանի» կողմից կազմակերպվող քաղաքացիական բանակից:
«Բացատրեցի՝ քաղաքացիական բանակը ինչ է և որն է նպատակը: Այդ բանակի մեջ երիտասարդ աղջիկներ կան, կանայք, բանակ, եթե ասում ենք, չկարծեք որ զինված են, ինչպես իրենք էին պատկերացնում»,- ասել է Թորոս Սեֆիլյանը:
Նա պատմել է, որ իրենց տանից առգրավվել են բոլոր համակարգիչները և Ժիրայր Սեֆիլյանի կողմից ղարաբաղյան պատերազմի տարիներին օգտագործված ջրի ամանն ու դաշույնը: «Այդ իրերը տարել էին նաև 2008 թվականին, այնպես որ մենք սովոր ենք»,- ասել է Թորոս Սեֆիլյանը:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Epress.am-ի հետ զրույցում Սեֆիլյանի և ընկերների ձերբակալությունը համեմատել է Շանթ Հարությունյանի և ընկերների ձերբակալության հետ:
«Այս անգամ էլ Պուտինի այցի (նկատի ունի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը֊ խմբ․) նախաշեմին իշխանությունը պատրաստվում է: Ինչպես կոյուղու երկաթե փականներն են զոդում, երբ Պուտինը պետք է անցնի, մոտավորապես զոդման հարց է լուծվում», – ասել է Խզմալյանը:
Նա նկատել է, որ հարցը պետք է դիտել աշխարհաքաղաքական զարգացումների տիրույթում:
«Ռուսաստանը թուլանում և հեռանում է: Արևմուտքը Հայաստանում հանդիպում է Իրանին, իսկ այդ հսկայական շարժումը այնպիսի ուժ ունի, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Վլադիմիր Պուտինը դրա դեմ գնալ ի վիճակի չեն»,- ասել է նա: