Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գտնվող ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն ինչ֊որ մարդիկ երկու շաբաթ առաջ ապամոնտաժել ու տարել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ուր են տարել բիոզուգարանը, որը Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնվել է պետբյուջեից հատկացված 170 հազար դոլարով։
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ բիոզուգարանը տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը։ Այնտեղից թերթի հարցմանն ի պատասխան նշել են, որ բիոզուգարանի անհետացման հետ իրենք կապ չունեն և առաջարկել են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ, իր հերթին, «Ժողովուրդ»֊ին ասել էր, թե նախարարությունն այդ պատմության հետ կապ չունի և առաջարկել է դիմել Ազգային մրցունակության հիմանդրամ։
«Կարճ ասած՝ տուն֊տունիկ։ Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել», ֊ մեկնաբանում է թերթը։
Լուսանկարը՝ 168.am