Կրեմլում ստիպված են հավասարակշռել Անկարայի ու Երևանի միջև ու քննարկել Ռուսաստանի ղեկավարության՝ միաժամանակ երկու տարբեր հիշատակման արարողությունների մասնակցության հնարավորությունը․ ապրիլի 24֊ին Հայաստանում անցկացվելու են Օսմանյան կայսրություն իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներ։ Նույն օրը Թուրքիան կազմակերպում է Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններ։ Այս մասին «Կոմերսանտ»֊ում գրում է լրագրող Սերգեյ Ստրոկանը, ում խոսքով՝ Թուրքիան Մոսկվայի առանցքային եվրասիական գործընկերներից մեկն է, իսկ Հայաստանը՝ ՌԴ֊ի ֆորպոստը Կովկասում։
Հոդվածում ներկայացված են նաև այս հարցի շուրջ ռուսաստանցի քաղաքագետների տեսակետները։ Փորձագետների կարծիքները, թե Ռուսաստանն ինչ մակարդակով պետք է ներկայացված լինի երկու տարելիցներին, կիսվում են․
«Մոսկվան հայտնվել է բարդ իրավիճակում։ Հանգամանքները հաշվի առնելով՝ նախընտրելի կլիներ, որ նախագահ Պուտինը միջոցառումներից ոչ մեկին չմասնակցեր։ Մոսկվայի համար լավագույն տարբերակը կլիներ երկու երկիր ուղարկել նախագահի անձնակազմից որևէ ներկայացուցչի՝ առանց առաջին մարդուն ներգրավելու»,֊ ասել է մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
Քաղաքագետ Բորիս Տումանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՌԴ նախագահը պետք է զերծ մնա Հայաստան այցելությունից․ «Վլադիմիր Պուտինը պետք է անպայման ներկա գտնվի Հայոց ցեղասպանության 100֊րդ տարելիցի միջոցառումներին։ Ու հարցը միայն զգացմունքային գործոնը չէ։ Ստատուս քվոն Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում կարող է խախտվել։ Բավական է միայն հիշեցնել, որ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվային դատապարտում է Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Միևնույն ժամանակ, Պուտինի Երևան չմեկնելը Բաքվում կարող են մեկնաբանել որպես Երևանին աջակցությունից զրկելու ուղղությամբ Մոսկվայի քայլ, ինչը պայմաններ է ստեղծում ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման համար»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի նախկին տեղակալ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովն, իր հերթին, ասել է․ «Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար բավական բարդ է հավասարակշռություն պահպանել։ Մի կողմից, Երևանի հետ ավանդական հարաբերություններն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը Մոսկվայի վրա մեծ պատասխանատվություն են դնում։ Մյուս կողմից, խաղաքարտին շատ բան է դրված նաև Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով, հատկապես, էներգետիկ համագործակցությունը։ Նախագահ Պուտինի համար լավագույն տարբերակը կլիներ այցը Հայաստան՝ զերծ մնալով, սակայն, Ցեղասպանության հարցը դրա առանցքային կետը դարձնելուց»։