հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստան֊Իրանի երկաթգիծն անիմաստ կդարձնի հայ֊թուրքական սահմանի փակ լինելը․ կարծիք

Հայաստան֊Իրանի երկաթգիծն անիմաստ կդարձնի հայ֊թուրքական սահմանի փակ լինելը․ կարծիք

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սկսվող գործընթացի դերը Հայաստանի համար դեռ վաղ է գնահատել։ Այդ գործընթացը երկսայր թրի նման է՝ Հայաստանը կարող է ներգրավվել Իրանի էներգետիկ և տրասնպորտային նախագծերում, սակայն կարող է նաև դուրս մնալ այդ նախագծերից: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի համար Հայաստանի հետ նախագծերը կարևոր էին ինչ-որ առումով մեկուսացումը հաղթահարելու համար, մեր համար էլ դրանք կարևոր էին Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով: Եթե փորձենք այս վատատեսական սցենարին ընդդիմանալ, ապա, իհարկե, Իրանին Հայաստանի հետ հարաբերությունները ձեռնտու են եթե ոչ զուտ տնտեսական տեսանկյունից, ապա առնվազն Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը պահպանելու տեսանկյունից», – ասել է Ոսկանյանը:

Քննարկման մեկ այլ մասնակից, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Իրանի շրջափակումից դուրս գալը Հայաստանի համար դրական է: Նախ՝ Իրանը ունի օբյեկտիվ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, երկրորդ՝ Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը Իրանի համար կարևոր է, քանի որ կա Թուրքիա-Ադրբեջան միությունը, ինչը չի կարող չմտահոգել Իրանին:

«Կարևոր է, որ մենք ունենք այլընտրանք: Իրանից եկող գազամուղը փոքր էր, սակայն այլընտրանք էր: Նույնը՝ երկաթգիծը: Եթե կառուցենք երկաթգիծ Իրանի հետ, որը իրոք ռեալիստական ծրագիր է։ Նույնիսկ սանկցիաների տակ գտնվող Իրանը գումար ունի դա կառուցելու։ Մենք չունենք քաղաքական կամք դա արագացնելու, ցավով եմ նշում: Իրանի հետ երկաթգծով մենք կիմանանք մետաքսե ճանապարհին, դրանից հետո անիմաստ կլինի փակ պահել հայ-թուրքական սահմանը»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: