ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) մերժել է Առողջապահության նախարարության՝ ստացվող դրամաշնորհները (գրանտերը) միանձնյա տնօրինելու առաջարկը և շարունակելու է դրամաշնորհները տնօրինել «Առաքելություն Արևելք» կազմակերպության հետ համատեղ: Այս մասին երեկ կայացած հանձնաժողովի նիստից հետո Epress.am-ին հայտնել է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանը: Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանձնաժողովի անդամների մեծամասնության քվեարկության արդյունքում:
Նախորդ նիստին Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը պնդել է՝ քանի որ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ» հիմնադրամը նվազեցրել հատկացվող գումարի չափը,հաջորդ երեք տարիների համար սահմանելով 5 միլիոն դոլար, աշխատանքային խումբը պետք է հնարավորինս արդյունավետ պլանավորի ծախսերը: Փոխնախարարն ասել է, որ նախարարությունը պատրաստ է միանձնյա զբաղվել դրամաշնորհներով՝ այդպիսով կրճատելով ծախսերը: Սակայն այս առաջարկին հանձնաժողովում շատերն են դեմ եղել: «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը, որն աշխատում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող, թմրադեղեր օգտագործող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների հետ, ունի անձնանց ինքնությունը գաղտնի պահելու սկզբունք, իսկ այդ տվյալները չեն կարող վստահվել նախարարությանը:
Այս հիմնավորումը նախորդ նիստին հնչեցրել էր «Նոր սերունդ»-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:
Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկտրչյանն առաջարկել է «Առաքելություն Արևելքը» փոխարինել Հանրապետական կուսակցության հովանու ներքո գործող Հայաստանի երիտասարդական հիմնադրամով, սակայն առաջարկը մերժվել է:
Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովում ընդգրկված են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, հայաստանյան ՀԿ֊ներ և պետական կառույցներ։ Վերջիններիս ներկայացուցիչները նախկինում ևս փորձեր են արել հանձնաժողովի կազմում այլ պետական կառույցներ, օրինակ, ԱԱԾ֊ն ավելացնել, սակայն այդ փորձերը ձախողվել են, քանի որ միջազգային կառույցների և ՀԿ֊ների անդամները դեմ են քվեարկել նման առաջարկներին։
Լուսանկարը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, moh.am