Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթին հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևոորգյանը: Գուլոյանը, ով նախկինում Աբովյանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ:
«Կիրակի էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ, իր հերթին, է վստահեցրել, թե ՀՀ նախագահն իրեն է սատարում: Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»: Մեր տեղեկություններով, նախագահը դեռ որոշում չի կայացրել, առայժմ ոչ մեկին չի ասել, թե Աբովյանում ով է քաղաքապետ դառնալու: Ենթադրվում է, որ այս շաբաթ կայանալիք ՀՀԿ նիստում այդ մասին կհայտարարի», – գրում է թերթը։
Լուսանկարը՝ wikimedia.org