Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ որոշ տեղական ու միջազգային կազմակերպություններ ակտիվացրել են երկիրն արատավորելուն ու զրպարտելուն ուղղված քարոզչական արշավը։ Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը՝ մեկնաբանելով խաղերը բոյկոտելու ու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ մտցնելու միջազգային կազմակերպությունների ու գործիչների կոչերը՝ հիմնված երկրում քաղբանտարկյալների առկայության վրա։
Պատգամավորի խոսքով՝ նման մի կազմակերպություն վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով պատրաստել ու տարածել է Ադրբեջանի մասին «զրպարտական բնույթի» զեկույց․ «Այդ կազմակերպությունները մշտապես արշավներ են անցկացնում Ադրբեջանի դեմ։ Դրանք ֆինանսավորվում են միևնույն շրջանակների կողմից ու ներկայացնում են հայերի շահերը»։
Նովրուզովն ընդգծել է, որ երկրի ներսում ևս որոշ ուժեր, անգամ կուսակցական առաջնորդներ կոչ են անում չմասնակցել Եվրոպական խաղերին՝ աջակցելով այդ արտաքին ուժերին․ «Նրանք բոլորը ֆինանսավորվում են հայկական լոբբիստական կենտրոնների կողմից։ Առաջարկում եմ այդ թեմայի շուրջ քննարկում անցկացնել Միլի Մեջլիսում»։
«Հայկական կազմակերպությունների» ու առաջիկա խաղերի «արատավորման» մասին կարծիքները խորհրդարանում կիսվել են։ Այդ մասին է վկայում Միլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի արձագանքը․ «Հայերը մասնակցելու են գալիք մրցումներին, իսկ այդ մարդիկ հանդես են գալիս խաղերի դեմ։ Նրանց վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ անգամ ավելի վատն է, քան՝ հայերինը։ Ի՞նչ կա քննարկելու։ Ո՞րն է դրա անհրաժեշտությունը։ Մարդկանց առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է»։
Հայաստանում, չնայած որոշ մարզիչների հանրային բողոքներին, որոշում է ընդունվել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին։
Փետրվարի 14֊ին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ տարբեր երկրներից հանդես եկան պետությունների առաջնորդներին ու միջազգային հանրությանն ուղղված բաց ուղերձով՝ կոչ անելով բոյկոտել Բաքվի Եվրոպական խաղերն ու պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ։
«Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների սարսափելի իրավիճակը՝ արևմտյան կառավարությունները պետք է վիզային արգելք մտցնեն մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար, դադարեցնեն տնտեսական համագործակցությունն Ադրբեջանի պետական կառույցների հետ, կազմակերպեն պետությունների ղեկավարների բոյկոտ Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ, կազմակերպեն խորհրդարանական լսումներ Ադրբեջանում տիրող իրավիճակի շուրջ»,֊ ասված էր ուղերձում։