Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն անակնկալ մատուցեց լրագրողներին՝ հայտարարելով, որ Ազատության հրապարակում նախապես ծրագրված հացադուլը չի կայանա։
Այսօր ժամը 14։00-ին Ազատության հրապարակում պետք է հավաքվեր զինվորական համազգեստով, շքանշաններով 50 ազատամարտիկ՝ հացադուլ սկսելու ու պահանջելու 17 քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Համենայնդեպս, այդ մասին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ուրբաթ կայացած հանրահավաքին հայտարարել էր ընդդիմադիր ազատամարտիկ, դաշտային հրամանատար Խաչիկ Ավետիսյանը։
Նշված ժամին Ազատության հրապարակում համազգեստով ընդամենը մեկ կին ազատամարտիկ կար. մի քանի տղամարդ ազատամարտիկներ, այդ թվում՝ Խաչիկ Ավետիսյանը, քաղաքացիական հագուստով էին։ Մինչ մոտ 20 լրագրողներ սպասում էին Ավետիսյանի հայտարարությանը, հրապարակում կանգնած էին 40 համազգեստավոր ոստիկաններ, դրան գումարած քաղաքացիական համազգեստով բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ֊ի ներկայացուցիչներ, ինչպես նաև գրեթե բոլոր հանրահավաքների մշտական հյուրերը՝ մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց խնդիրը հարկ եղած դեպքում սադրանքներ կազմակերպելն է, ինչպես դա եղավ 2013 թվականի նոյեմբերի 5-ին՝ Շանթ Հարությունյանի երթի ժամանակ։
Քաղաքացիական հագուստով անձինք չէին էլ փորձում թաքնվել, նրանք փոքր խմբերով հավաքվում էին, քննարկում, հրահանգներ ստանում վերադասից, ապա կրկին ցրվում։ Այդ խմբերի ղեկավարներն էլ մոտենում էին ոստիկաններին ու զրույցում նրանց հետ։ Արդեն այն ժամանակ, երբ Խաչիկ Ավետիսյանը սկսեց զրուցել լրագրողների հետ, նրանցից մի քանիսը մտան թղթակիցների շարքերը, մեկն էլ հեռախոսով վերադասին թվում էր ներկա ԶԼՄ֊ների անունները։
Այն, որ Ազատության հրապարակում հացադուլ կազմակերպելու հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, պարզ դարձավ մինչև Ավետիսյանի ճեպազրույցը, երբ դաշտային հրամանատարը մոտեցավ հրապարակում գտնվող բարձրաստիճան ոստիկաններից մեկին ու զրույցի բռնվեց նրա հետ։ Քիչ անց ազատամարտիկը հրավիրեց լրագրողներին ու նախ հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի, Հայաստան ժամանող հյուրերի մասին, ապա հայտարարեց, որ ազատամարտիկները քննարկել ու որոշել են, որ հացադուլ լինելու է։ Բայց ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, ոչ թե 50 հոգի են հացադուլը սկսելու, այլ միայն ինքը՝ Ավետիսյանը, բացի դրանից, այսօր երեկոյան հացադուլավորը տուն է գնալու և մինչև 25֊ը հացադուլը շարունակելու է տանը, որից հետո կրկին գնալու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, և միայն այդ ժամանակ իրեն կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Ավետիսյանը փորձեց բացատրել, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը պետք է միասնական, հյուրերի համար ներկայանալի լինել։ Իր պատկերացմամբ՝ քաղբանտարկյալներին կարող են ազատ արձակել մոտավորապես մայիսի 9-ին ընդառաջ։ Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանություններին հաջողվեց տապալել «100֊ամյակն առանց ռեժիմի» շարժումը (նախաձեռնողը «Հիմնադիր խորհրդարանն» է֊խմբ․), Ավետիսյանը պատասխանեց․ «Դա հարցրեք «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդներին»։
Ճեպազրույցի ավարտից հետո Ավետիսյանը կրկին մոտեցավ բարձրաստիճան ոստիկանին, երկու բառ փոխանակեց նրա հետ, սեղմեց ձեռքն ու հեռացավ։