Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ ենթադրվում է քննարկել երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինտեգրացիոն միություններում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում Թուրքիան կազմակերպում է Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Արդեն հայտնի է, որ Ռուսաստանը Թուրքիայում ներկայացնելու է Պետդումայի նախգահ Սերգեյ Նարիշկինը։ Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, թե Ռուսաստանն ինչ մակարդակով պետք է ներկայացված լինի երկու երկրների կազմակերպած միջոցառումներին, կիսվել էին։