ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նիստում 113 կողմ ձայներով ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությունը։
Նախագծի հեղինակների թվում են ԱԺ֊ում ներկայացված 6 խմբակցություններից 5-ի՝ «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» խմբակցությունների 16 պատգամավորներ։
Հայտարարության մեջ ասված է․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
– արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
– կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:
Ավելի վաղ հայտարարության նախագիծը քննարկելու ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ էր արել հրաժարվել պահանջատիրությունից։